Արցախի նախագահին առաջարկել եմ ԼՂ հիմնախնդիրը քննարկել Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում
Մի օր Ազգային ժողովի տխրահռչակ մի պատգամավոր, որը խուսափել էր զինվորական ծառայությունից եւ դրա համար դատապարտվել, լուսանկար հրապարակեց, որում ինքը կանգնած էր իր առջեւ շարված զորքի առաջ: Այն ժամանակ շատերին զայրացրեց այդ լուսանկարը, շատերը հարց տվեցին, թե ով է համարձակվել զորքը շարել դասալիքի առաջ: Պարզվեց, որ դա դեռ մեծ իրադարձուիթյունների նախերգանքն է:
Երեկ նույն այդ պատգամավորն իրեն պատկանող լրատվամիջոցում մի նյութ տեղադրեց բավական խոսուն եւ ցնցող վերնագրով. «Արցախի նախագահին առաջարկել եմ ԼՂ հիմնախնդիրը քննարկել Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում. Արման Բաբաջանյան»:
Ճիշտ է, լուրը որոշ ժամանակ անց հեռացվեց: Շտապել էին. դեռ ժամանակը չէր, բայց այն արդեն տեսել էին շատերը: Եւ հիմա շատերը Արցախի նախագահից պահանջում են պարզաբանում, պահանջում են ասել, թե ինչ է պատասխանել Արման Բաբաջանյանին, բայց կարծում ենք նման պահանջի, հարցադրման կարիք չկա: Եթե Արայիկ Հարությունյանը տխրահռչակ պատգամավորի նման առաջարկից հետո նրան դուրս չի շպրտել իր աշխատասենյակից, արդեն իսկ բավական խոսուն փաստ է:
Եւ այս հրապարակումը եկավ հուշելու, թե ինչու է Փաշինյանն այսքան շտապում լուծել Սահմանադրական դատարանի հարցը, ինչու է ձեւավորել ագրեսիվ հնազանդ մեծամասնությամբ խմբակցություն: Տխրահռչակ պատգամավորը միամտաբար կամ ժամկետից շուտ բացեց բոլոր խաղաթղթերը: Հիմա արդեն ամեն ինչ է պարզ է: Ամեն ինչ:
Top-News.am