Մեր քաղաքական օրակարգում է ադրբեջանական զինուժի օկուպացրած, մոտ 1000 քառակուսի կմ տարածքի վերադարձման հարցը. ԱՀ նախագահ
Հակառակորդի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության, նրա տարածքային ամբողջականության նկատմամբ ցանկացած ոտնձգության փորձ արժանանալու է մեր զինված ուժերի հուժկու և ջախջախիչ հարվածին: Այսօր այդպիսի ցուցում տվեցի Պաշտպանության բանակի հրամկազմին, երբ այցելել էի «Տիգրանակերտ» զորավարժարան՝ հետևելու ՊԲ տարբեր զորամասերի ընդգրկմամբ անցկացվող մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլին:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:
«Որպես նախ և առաջ հաղթանակած բանակի զինվոր ու գերագույն գլխավոր հրամանատար՝ ուզում եմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հիշեցնել, որ մեր քաղաքական օրակարգում է գտնվում ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված, ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված մոտ 1000 քառակուսի կմ տարածքի վերադարձման հարցը:
Արցախի Հանրապետության և ողջ հայության հետ ուժի լեզվով խոսելու բոլոր փորձերը ունեցել են անփառունակ վախճան, և հնարավոր նոր սադրանքները ևս հակառակորդի համար ունենալու են միայն անդառնալի հետևանքներ: Այդ խնդիրը լիարժեք իրականացնելու հարցում այսօր մեկ անգամ ևս համոզվեցի՝ տեսնելով մեր բանակի պատրաստվածության աստիճանն ու ցուցադրած արդյունքները: Նոր պատերազմը տարածաշրջանում հանգեցնելու է հումանիտար մեծ աղետի, իսկ դրա ամբողջ պատասխանատվությունը կրելու են Ադրբեջանի իշխանությունները»,-գրել է Արցախի նախագահը: