«2008 թվականից Ռուսաստան չեմ գնում, եթե քո երկիր ինչ-որ երկրի դրոշով տանկ է մտել, դու այդ երկիր չպետք է գնաս, երգես ու զվարճացնես նրանց». Կիկաբիձե (տեսանյութ)
Վրացի երգիչ և կինոդերասան Վախթանգ Կիկաբիձեն «Գորդոն» հրատարակության հիմնադիր Դմիտրի Գորդոնի հեղինակային ծրագրի ժամանակ հայտարարել է, որ ինքը համերգներով չի մեկնում Ռուսաստանի Դաշնություն այն ժամանակներից ի վեր, ինչ ռուսական զորքը ներխուժեց Վրաստան: Նա նշել է, որ կմեկնի ՌԴ միայն այն ժամանակ, երբ այդ երկրի իշխանությունը փոխի իր քաղաքականությունը:
«Ես 2008 թվականից ոչ մի քաղաքում (Ռուսաստանի) չեմ եղել: Բայց ես հոգևոր կապվածություն ունեմ: Ես հիանալի ռուսալեզու ծրագիր ունեմ: Եվ երբ ես ուզում եմ երգել այդ երգերը, ժամանում եմ Ուկրաինա... Քաղաքականությունն ու ժողովուրդը նույնը չեն, դրանք տարբեր բաներ են: Ես շատ նամակներ ունեմ, հրավերներ տարբեր քաղաքներ՝ սկսած Հեռավոր Արևելքից: Նրանք ասում են. «Դա ախր Պուտինն է, մենք չենք»: Անընդհատ հրավիրում են: Բայց չի կարելի երգել այն մարդկանց համար, որոնք ուզում են քեզ խփել: Ես քաղաքական գործիչներին նկատի ունեմ: Իհարկե, ոչ բոլորին: Եթե քեզ մոտ ինչ-որ դրոշով տանկ է մտել, դու այդ երկիր չպետք է գնաս, երգես ու զվարճացնես նրանց: Ճի՞շտ է: Ես կարծում եմ, որ պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի»,-ասել է Կիկաբիձեն:
Մեծանուն արտիստի խոսքով` ինքը Ռուսաստան կգնա, եթե այդ երկրի իշխանությունը փոխի իր քաղաքականությունը:
«Եթե քաղաքականությունը փոխվի, ես ցանկացած ելույթով կգնամ, համերգների կամ ինչ-որ լինի: Որպեսզի ռուսները չմտածեն, որ մենք` վրացիներս իրենց թշնամիներն ենք: Որովհետև Վրաստանում կարծում են, որ Կրեմլը մեր թշնամին է: Ուկրաինացիները կարծում են, որ դա թշնամի է: Բրազիլացիները դեռ չգիտեն, դա հեռու է: Եթե Բրազիլական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն լիներ, միգուցե բրազիլացիներն էլ այդպես մտածեին»,-նշել է Կիկաբիձեն:
Հիշեցնենք, որ 2008 թվականի օգոստոսին սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ վրաց-ռուսական պատերազմը, որը հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի պարտությամբ։ Դրանից հետո ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։