«Ես նախագահ Պուտինի հետ այդ մասին մոտ ժամանակներս կխոսեմ». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ արտերկրից միջամտում են Բելառուսի ներքին գործերին և նախընտրական պայքարին, գրում է belta.by կայքը:
Խոսելով երկրում առկա իրավիճակի մասին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ այժմ համացանցում «ֆեյքեր» են տարածվում, որոնց նպատակն իշխանությանը վարկաբեկելն է: Նախագահի խոսքով` դրանցից որոշներն իրեն զարմացնում են:
«Այսօր ինձ զեկուցել են (չնայած որ դա վաղուց է եղել, և այն ժամանակ չէին զեկուցել), որ իմ որդիներից մեկը Շվեյցարիայում 840 միլիոն դոլար ունի: Դիվանագիտական խողովակներով նամակ ուղարկեք այնտեղ, ով ուզում է վերցնել այդ գումարը, թող անհապաղ վերցնի»,-ասել է Լուկաշենկոն:
Բելառուս առաջնորդն ուշադրության է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տեղեկատվությունն ուղղակի կեղծվում է և մարդիկ, որոնք բանկային փաստաթղթերից ոչինչ չեն հասկանում, ուղղակի հավատում են այդ ֆեյքերին:
«Մարդիկ ախր չեն հասկանում, թե դա ինչ է: Նման ֆեյքերը միշտ էլ կլինեն: Եվ մենք դա պետք է նկատի ունենանք, դրա հետ ապրենք և դրա դեմ պայքարենք: Դա արվում է Ռուսաստանից, Ռուսաստանից է գալիս տեղեկությունը: Հետո ներողություն են խնդրում, հանում են: Բայց արդեն մարդկանց ուղեղը մտցրել են դա»,-ավելացրել է Լուկաշենկոն:
Նախագահը նշել է, որ իշխանության քաղաքական հակառակորդներն արդար և կարգապահ ընտրություններ են պահանջում, սակայն իրենք իրենց անազնիվ են պահում:
«Նրանք մեզ անազնվության համար են մեղադրում, իսկ ինչպե՞ս են իրենք իրենց պահում: Պարզ է, որ նրանց թիկունքին տիկնիկավարներ են կանգնած: Դրանք և՛ այս, և՛ այն կողմում են, և՛ Ռուսաստանում են ապրում, և՛ Լեհաստանում: Ես նախագահ Պուտինի հետ այդ մասին մոտ ժամանակներս կխոսեմ, բայց սա շատ բարդ իրավիճակ է: Օգտագործվում են ամենաժամանակակից կեղծարար տեխնոլոգիաները, արտերկրից միջամտություն է տեղի ունենում մեր ընտրություններին, ներքին գործերին»,-հայտարարել է Լուկաշենկոն:
«Մենք միջուկային տերություն չենք: Մենք չենք կարող վերցնել միջուկային մարտագլխիկը, թափահարել այն, գոռալ գերձայնային զենքի մասին, որ մենք ձեզ կպատասխանենք: Մենք սովորական, միջին վիճակագրական եվրոպական երկիր ենք, խաղաղասեր, հանգիստ կյանքի նպատակաուղղված: Եվ ոչ ոքի այդ առումով սպառնալ մենք ուղղակի չենք կարող»,-եզրափակել է խոսքը Լուկաշենկոն: