Եթե մտածում ես միայն քո մասին, քեզ անփառունակ վախճան է սպասվում․ Պարույր Հայրիկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Եթե դու իսկապես առողջ մարդ ես եւ մտածում ես քո եւ քո երեխաների մասին, պիտի ձգտես ոչ թե իշխանության գալ, այլ իշխանության բերել քաղաքացուն, որոնց թվում է նաեւ քո զավակը, եթե մտածում ես միայն քո մասին, քեզ անփառունակ վախճան է սպասվում։ Նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը։
Անդրադառնալով ԱԺ-ում սահմանադրության փոփոխությանը, Պարույր Հայրիկյանը ցավով է նշել, որ այս իշխանությունները «մեզ վարժեցրին, որ մենք իրենցից միայն անառողջ դրսեւորումներ ենք սպասում»․
«Այսինքն՝ երբ մի քանի օր առաջ ես Նիկոլ Փաշինյանի ելույթում լսեցի առողջ գնահատականներ՝ ընտրակաշառքը ընդհանրապես երկրում վերացնելու ուղղությամբ, եւ այդ հարցում հետեւողական լինելու, ականջներիս չէի հավատում, որովհետեւ ե՛ւ իշխանության չարաշահման, իշխանությամբ սեփական նպատակներին հասնելու խնդիրը, ե՛ւ այլընտրանքը մերժելու դիրքորոշումը իրենց այնքան բնորոշ են։ Հետո տեղում գտա, ասում եմ՝ ինչո՞ւ են այդ դեպքում միայն «Բարգավաճ Հայաստանից» խոսում։ Չէ՞ որ ընտրակաշառքներով զբաղվել են նաեւ այլ քաղաքական ուժեր, եւ դրա մասին ամբողջ հանրությունը գիտի, իսկ Ազգային անվտանգության համար դրա բացահայտումը 1-2 օրվա խնդիր է։ Ինչո՞ւ են այդպես նպատակաուղղված։ Ու կրկին թամացվեց ընկալումս, որ սրանցից, ցավոք սրտի, առողջ գործելակերպ սպասելը գնալով ավելի դժվար է դառնում։ Եվ ակամա վերադառնում ես ռազմավական ընկալումներին։ Տարբեր ընկալումներ կան, թե մարդկության պատմության ընթացքում ի՞նչ որոշիչ ուժեր են եղել, տարբեր մասնագետներ, իմաստասերներ, հասարակագետներ, նաեւ քաղաքական գործիչներ տարբեր շեշտադրումներ են կատարում՝ ռասսաների պայքար, ազգերի պայքար, դասակարգերի պայքար, բայց ինձ համար շատ վաղուց ակնհայտ է, որ հիմնական պայքարն ընթանում է նյութապաշտների եւ գաղափարապաշտների միջեւ, եւ մարդը առավել չափով մարդ է, երբ ինքը գաղափարապաշտ է, այլ խոսքով՝ իրավական եւ ոչ իրավական մոտեցումների մեջ պայքար է ընթանում։ Երբ Հայաստանում որդեգրում էին խորհրդարանական համակարգը, որի նկատմամբ ընդհանրապես հարգանքի արժանի միջազգային կառույցները շատ անփույթ գնահատական թույլ տվեցին իրենց, իրենց շրջանում, հատկապես՝ Վենետիկի հանձնաժողովում բարդույթի պես մի բան կա, մանավանդ գժերին, գժական դրսեւորումներին իրենք շատ նրբանկատ են արձագանքում, որեւէ տեղից երբ ինչ-որ հարցադրում է կատարվում եւ իրենք տեսնում են՝ ակնհայտ մոլագարություն է, փորձում են հնարավորին չափ բարեկրթորեն պատասխանել, նրբանկատ են արձագանքում՝ հաշվի առնելով, որ դիմացինը կարող է խանգարումներ ունենալ։ Միջազգային կառույցը հարգանքի է արժանի, որոհետեւ այդտեղ արդեն բախվել են տարբեր կարծիքներ, մոտեցումներ եւ հայտարարի է բերվել համամարդկայինը։ Բայց իրենց վերջին ուղերձում ասում են՝ Սահմանադրական դատարանի անդամներ, ճիշտ է՝ դուք ունեք նաեւ անհատական շահագրգռվածություն, բայց երեւույթը քննադատելիս դուք պետք է ձեր անհատական դիրքորոշումներից կարողանաք վեր կանգնել։ Շատ բարի, ողջունելի բան է ասվում, բայց ինչու նույն բանը չի ասվում վարչապետին, Ազգային ժողովի անդամներին, որ դուք հարցեր քննարկելիս ձեր անձնականից վեր կանգնեք»։
Պարույր Հայրիկյանի խոսքով՝ շատ լավ է, որ մենք միջազգային հանրության հետ կապերի մեջ ենք, կարծիք ենք հարցնում, կարծիք լսում, բայց դա մեզ չի զրկում երեւույթները առողջ, անաչառ գնահատելու իրավունքից։
«Ես ժողովրդավարության հարցում չլսեցի, որ եվրոպական որեւէ կառույց ասեր՝ գիտեք, հայեր, դուք կիսանախագահականի, որում քաղաքացու դերակատարությունը արտահայտվում է նաեւ երկրի գլխավոր դեմքին անմիջականորեն ընտրելու հնարավորությամբ, անցում եք կատարում խորհրդարանական համակարգի, որտեղ քաղաքացիների իրավունքները կրճատվում են։ Այսպիսի գնահատական չի հնչել։ Նշանակում է՝ իրենք ժողովրդավարության վերաբերյալ, քաղաքացիների իրավունքների, ընդհանրապես՝ իրավունքի վերաբերյալ արժանի մակարդակ չունեն»։
ԱԻՄ նախագահն անդրադարձել է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությանը եւ քաղաքական գործընթացներում նրա դերակատարությանը․
«Հիմա ասել, որ ես Արմեն Սարգսյանի անէացմանը՝ որպես ազգային գործիչ, դեմ եմ, չէ, Արմեն Սարգսյանը դասական դավաճան է։ Իրեն ընտրեց մի թիմ, որ ասպարեզից հեռացավ եւ Արմեն Սարգսյանը, փոխանակ նրանց հետ հեռանար, որպես բարոյական մարդ, կառչեց այդ աթոռին եւ մնաց։ Որ ի՞նչ։ Մեկ է՝ կենսագրությանդ մեջ գրվելու է, որ այսքան ամիս եղել ես Հայաստանի նախագահ։ Էությամբ դավաճան մարդը լավ կլինի, որ չլինի, բայց ոչ այս՝ օրենքները խախտելու ճանապարհով։ Ավելի հասկանալի ու ընկալելի կլիներ, եթե իշխանափոխության հենց սկզբից ազդարարվեր, որ նախորդ իշխանության բոլոր ներկայացուցիչները՝ ե՛ւ Արմեն Սարգսյան, ե՛ւ Մուկուչյան եւ այլն, որովհետեւ նրանք ծառայել են նախորդ ռեժիմին եւ պետք է հեռանան, բայց Նիկոլ Փաշինյանը որոշեց նախորդ ռեժիմին ծառայած, բայց իրենից վախեցող մարդկանց օգտագործել։ Դա դրական չի բնութագրում այդպիսի կերպարին։ Եթե դու կարող ես իրեն՝ որպես դավաճան դրսեւորող մարդու հետ ազգային կարեւորագույն խնդիրներ լուծել, նշանակում է՝ դու նույն մակարդակի մարդ ես, որը շատ տխրեցնող է։ Եթե դու իսկապես առողջ մարդ ես եւ մտածում ես քո եւ քո երեխաների մասին, պիտի ձգտես ոչ թե իշխանության գալ, այլ իշխանության բերել քաղաքացուն, որոնց թվում է նաեւ քո զավակը։ Եթե մտածում ես միայն քո մասին, քեզ անփառունակ վախճան է սպասվում»։