Իլոն Մասկի մայրը տեսանյութ է հրապարակել, որտեղ որդին զրուցում է նորածին որդու հետ (տեսանյութ)
Ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի մայրը՝ մոդել Մեյ Մասկը, տեսանյութ է հրապարակել, որտեղ որդին զրուցում է նորածին որդու հետ, գրում է Daily Mail-ը։
«Իլոնը և X-ը» տեսահոլովակը մակագրել է Մասկի մայրը, որտեղ երեխան սպիտակ վերնաշապիկ է կրում և ձեռքով ամուր բռնել է հոր մատը։
Տեսանյութում միլիարդատերը X-ին հարցնում է. «Իմ ձայնը ծանո՞թ է հնչում։ Ո՞վ եմ ես»։
Երեխան, կարծես արձագանքելով հոր ձայնին, ուշադիր նայում է նրան։
«Քո հայրն է խոսում։ Ողջույն, ողջույն փոքրիկս»,-շարունակում է նա։
Երեխան լույս աշխարհ է եկել մայիսի 4-ին։ Զույգը երեխային X AE A-XII է անվանակոչել:
Ավելի վաղ Մասկի ընկերուհին՝ 32-ամյա Գրայմսը, բացատրելով երեխայի անունը, նշել էր, որ X-ը մաթեմատիկական անհայտ մեծությունն է խորհրդանշում։ Æ-ն էլֆյան գրելաձևով արհեստական բանականություն (AI-artificial intelligence) կամ սեր է նշանակում, A-12-ն ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է։ Նա հավելել էր, որ անվան վերջին տառը խորհրդանշում է իր սիրելի Archangel երգը, որի հեղինակին վերջինս չի նշել։