Իշխանությունը ոտնատակ է տալիս Մայր օրենքը՝ կոպտորեն ներխուժելով սահմանադրականության դաշտ․ (տեսանյութ)
Իշխանությունն ամեն գնով պաշտպանում է իր քայլերը. ամիսներ առաջ նրանք պնդում էին, թե պետք է հանրաքվե անել, այժմ խորհրդարանն է փոփոխություն նախաձեռնում, և իշխանության խոսքն այլևս որևէ գին չունի, ավելին՝ նրանք չեն էլ սպասում իրենց քայլերի իրավաչափության գնահատմանը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Իշխանությունը կոպտորեն ներխուժում է սահմանադրականության դաշտ: Նրանց համար օրենք, իրավունք հասկացություններ չկան, խնդիրը մեկն է՝ հեղափոխական անհրաժեշտություն: Եթե իշխանությունը չի հարգում գործող Սահմանադրությունը, այն չի կարող լեգիտիմ լինել: Նրանք ոտնատակ են տալիս Մայր օրենքը»,- ասել է իրավապաշտպանը:
Ըստ Ալավերդյանի՝ իշխանությունը երբեք չի թաքցրել իր գաղափարախոսությունը, նպատակներն ու մեթոդները, և տարակուսելի է, որ քաղաքացիական հասարակության շրջանակները դեռևս զարմանում են նրա վարքից.
«Իշխանության գաղափարախոսությունը մեկն է՝ քանդել ու զրոյացնել ամենը: Մեկ-երկու իրավապաշտպան է մնացել, իսկ երբեմնի քաղաքացիական հասարակության նպատակը, փաստորեն, ոչ թե հանրային շահը պաշտպանելն էր, այլ իշխանափոխությունը: Դրանք զբաղվել են ոչ թե իրավապաշտպան գործունեությամբ, այլ՝ քաղաքական խնդիրներով, ավելի կոնկրետ՝ իշխանության հեռացմամբ»:
Իրավապաշտպանի կարծիքով՝ հեղափոխական իշխանության համար քաղաքագիտության դասական կանոնները չեն գործում. «ԱԺ-ի նախօրեի նիստն ու միաձայն քվեարկությունը հիշեցնում էր ԽՄԿԿ-ն, խորհրդային իրականության դեժավյու էր: Բոլոր գրագետ ու մտածող մարդիկ պետք է սթափվեն, նշտարի փոխարեն հեղափոխականների ձեռքում կացին է: Օրվա վարչապետը խոսում է 2050 թ.-ից՝ չմտածելով, որ մինչ այդ մարդկանց պետք է կերակրել, երևի մտածում է՝ մինչ այդ «ով ողջ, ով մեռած»:
Լարիսա Ալավերդյանի պնդմամբ՝ ժողովրդի մեծ մասն ապրում է օրվա հոգսով ու նույնիսկ ժամանակ չունի մտածելու Սահմանադրական դատարանի մասին, և պետք է գործարկել իշխանության հակակշիռները. «Օրինակ, նախագահի հիմնական պարտականությունը Սահմանադրության պահպանմանը հետևելն է: Ի՞նչ ասել է՝ հետևել: Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը համոզեց, որ անձամբ տեսել է մի փաստաթուղթ, որով փարատվել են նախագահի քաղաքացիության շուրջ իր կասկածները, տեղի է ունեցել պայմանավորվածություն Արմեն Սարգսյանի հետ: Այդպիսով, նախագահն իրեն մի կողմ է դնում բոլոր գործընթացներից և արհամարհում է իր իսկ զբաղեցրած ինստիտուտը»:
Իրավապաշտպանի պնդմամբ՝ այսօր Հայաստանում գործում է նեոբոլշևիկյան բնույթի իշխանություն, որն իրեն նույնացնում է ժողովրդի հետ, և դրա դեմ պետք է համախմբվեն բոլոր առողջ ուժերը: