«Ես բուժվեցի Հայաստանում»․ Մարտին Յորգանց (Տեսանյութ)
Ֆրանսահայ երգիչ եւ երգահան Մարտին Յորգանցն այս օրերին Հայաստանում է, որտեղ «Արձագանք» ստուդիայի հիմնադիր, երաժիշտ Եղիշե Պետրոսյանի հետ նպատակ ունի ստեղծելու նոր ծրագրեր՝ հատուկ մանուկների համար։ Այսօր՝ հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ երաժիշտը խոսեց Հայաստան այցի, «Ճկույթիկ» հիթի հաջողության եւ մյուս ծրագրերի մասին․
«Եկածս օրվանից շատ երջանիկ եմ։ Երեւանը հրաշալի քաղաք է դարձել, ամեն տեղ երիտասարդություն կա, բոլորը երջանիկ են երեւում։ Երբ Հայաստան եմ գալիս, միշտ տարբեր նախագծեր եմ իրականացնում։ Հիմա էլ նոր նախագիծ ունենք Եղիշե Պետրևոսյանի հետ»,-նշեց Յորգանցը՝ տեղեկացնելով, որ մի քանի նոր երգեր արդեն կան, որոնք պետք է ձայնագրվեն։
««Ճկույթիկ»-ի նման երգեր պետք է ստեղծեմ։ Բայց հիմա տեխնիկան փոխվել է, նոր որակներով պետք է աշխատենք։ Այս երգը ստեղծեցի մի գիշերվա ընթացքում՝ 4 րոպեում։ Հուսով եմ՝ որքան սերունդները կփոխվեն, այնքան «Ճկույթիկը» կմնա։ Ես՝ ինքս, դեռ մանուկ եմ, չեմ մեծացել։ Սիրում եմ այն, ինչ մանուկներն են սիրում։ 14 տարեկան էլ դեռ չկամ»։
Խոսելով Հայաստանի եւ հայ երիտասարդների մասին՝ Յորգանցը նշում է․
«Պետք է շատ ջանք թափենք, որ բոլոր սփյուռքահայերը գան Հայաստան եւ բուժվեն։ Որ տեսնեն մեր հայրենիքն ու մյուսներին էլ հրավիրեն այն տեսնելու։ Ես այստեղ բուժվել եմ՝ տեսնելով մեր երիտասսարդներին եւ մեր քաղաքը»։