Հայտնի են Մոսկվայում հայ գործարարի սպանության պատճառները
Քննիչները պարզում են, թե ով է կատարել «Կապշին» ընկերության ղեկավար Վաչիկ Աբգարյանի վրա հարձակումը: Իրավապահները չեն բացառում, որ ձեռնարկատիրոջ վրա հարձակման պատճառները կարող են կապված լինել բիզնես տարաձայնությունների հետ, փոխանցում է Life-ը:
2016 թվականի հունիսից «Կապշինը» պահանջում է որպես վարկառու սնանկ ճանաչել «Մոսկվայի Զելենոգրադի վարչական շրջանի ձեռնարկատիրության զարգացման կենտրոն» ՀԿ-ին: Մինչ օրս չի հաջողվել սրան հասնել:
Ինքը «Կապշին» ընկերությունը համարվել է մայրաքաղաքային իշխանությունների խոշոր կապալառուներից մեկը: Այսպես` դեռեւս 2011 թվականին ընկերությունը 27 մլն ռուբլի է ստացել Զելենոգրադի շենքերից մեկի արտաքին պատերի ջերմամեկուսացման եւ պատշգամբների ապակեպատման աշխատանքներն ավարտելու համար: Նույն թվականին եւս 83 մլն ռուբլի ստացել է բարեկարգման եւ կանաչապատման համար:
Վերջին խոշոր գործարքը, ըստ պետական գնումների պորտալի, Աբգարյանի «Կապշինը» կնքել է 2012 թվականին «Կապիտալ վերանորոգման տնօրինություն» պետական գանձապետական վարչության ենթագերատեսչական դեպարտամենտի հետ: 67 մլն ռուբլու դիմաց Աբգարյանի ընկերությունը պետք է «կարգավորեր տրանսպորտային հոսքը» «Ռեչնոյ վոկզալ» շրջանի տրանսպորտի փոխադրման հանգույցում:
Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել 57-ամյա հայ ձեռնարկատեր Վաչիկ Աբգարյանի վրա հարձակման մասին: «Կապշին» ընկերության ղեկավարի վրա կրակել են Վերեյսկայա փողոցում գտնվող սեփական գրասենյակի մոտ: Գնդակը մխրճվել է գործարարի կրծքավանդակ: Նրան շտապ հոսպիտալացրել են: Բժիշկները կլինիկական մահ են գրանցել: Ավելի ուշ նա վախճանվել է: