Կիեւում ավտոմեքենայի պայթյունն ահաբեկչություն են որակել
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը Կիեւում ավտոմեքենայի պայթյունն ահաբեկչություն է որակել։ Դրա հետեւանքով Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայող է զոհվել։ Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ՆԳՆ հաղորդակցման վարչության պետ Արտյոմ Շեւչենկոն։
«Մեկ մարդ է զոհվել, զինծառայող՝ ծնված 1978 թվականին։ Տվյալ պահին առկա հանցագործության պատկերի համաձայն՝ ակնհայտ է, որ պայթուցիկ սարք է գործարկվել»,- 112.ua-ի եթերում հայտարարել է նա՝ հավելելով, որ հայտնի չէ, թե ինչ սարք է գործարկվել։
Շեւչենկոն նաեւ նշել է, որ ամեն ինչ մատնանշում է, որ դա «ծրագրված ահաբեկչական ակտ է»։ «Կիեւի ոստիկանության քննիչները հենց այդ հոդվածով են քրեական գործը ներառել մինչդատական նախաքննությունների միասնական ռեեստրում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ զինծառայողից բացի, տուժել է եւս մեկ մարդ, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ուկրաինական «Օբոզրեւատել» պարբերականի տվյալներով՝ զոհվածը Ուկրաինայի ՊՆ հետախուզական վարչության հատուկ նշանակության ջոկատի պետ Մաքսիմ Շապովալովն է։
Mercedes մակնիշի ավտոմեքենան Կիեւում պայթել է երեքշաբթի առավոտյան՝ Սոլոմենսկ եւ Ալեքսեեւսկայա փողոցների հատման կետում։