ԻՊ-ն իր անդամներին ոգևորելու համար նրանց «դրախտի անձնագրեր» է բաժանել
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն իր գրոհայիններին ոգևորելու, նորանոր ահաբեկչություններ իրագործելուն դրդելու նպատակով նրանց «դրախտի անձնագրեր» է բաժանել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, անձնագրերի կրկնօրինակները հայտնաբերել են սիրիական պաշտպանական ուժերը՝ նոր ազատագրված Ռաքքա քաղաքի հյուսիսային հատվածում:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ ԻՊ-ը «լվացել է իր անդամների ուղեղներն» ու նրանց հավատացրել, որ եթե իրենք մահապարտ դառնան հանուն ԻՊ-ի, ապա հանդերձյալ աշխարհում կհայտնվեն դրախտում՝ կույսերի գրկում: Այլ կերպ ասած՝ «դրախտի անձնագրերը» խրախուսիչ քայլ են եղել ծայրահեղականների համար:
Հայտնի է, որ անձնագրերի վրա կան Ղուրանից մեջբերումներ, ինչպես նաև ոգևորիչ կոչեր առ այն, որ գրոհայինները պետք է մահապարտներ դառնան, պայթուցիկներով գոտիներ կրեն ու դրանցով լի մեքենաները պայթեցնեն մարդաշատ վայրերում:
Անձնագրերը չեն պարունակում որևէ անձնական տվյալ տերերի մասին: Փոխարենը՝ դրանցում արաբերենով գրված են դրախտի ու դժոխքի անվանումները: Անձնագրերում ասվում է, որ գրոհայինները չեն կարող դրանով դժոխք գնալ. այն նախատեսված է միայն դրախտի համար:
Նշվում է, որ անձնագրերը բաժանելիս ԻՊ-ը վստահեցրել է իր անդամներին, որ փաստաթղթի շնորհիվ իրենք դրախտում տեղ կունենան, եթե դառնան մահապարտներ: