Պետական պարտքն աճում է, ՀՆԱ-ն՝ ոչ
«Հայկական ժամանակ»թերթը գրում է.
«Երեկ 2016 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ կրկին հարց բարձրացավ Հայաստանի պետական պարտքի մասին:
Ներկայումս մեր երկրի պետական պարտքն արդեն գերազանցում է 6 միլիարդ դոլարը, և դա այն դեպքում, երբ մեր ամբողջ տնտեսությունը, այսինքն՝ համախառն ներքին արդյունքը գնահատվում է 10 միլիարդ դոլարից քիչ ավելի: «Նվազ պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծից ներքև ենք գտնվում: Դեռևս նույնիսկ չենք մտել միջին պարտքի բեռ ունեցող երկրների սահմանագծի մեջ»,- երեկ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Զուտ «հաշվապահական» իմաստով նախարարի ասածը ճշմարտությունն է: Կան շատ ավելի հզոր տնտեսություն ունեցող երկրներ, որոնց պետական պարտքը շատ ավելի մեծ է՝ համեմատած դրանց ՀՆԱ-ների հետ: Սակայն այստեղ խնդիրը ոչ թե պարտքի ֆիզիկական, քանակական մեծությունն է, այլ դրա, պատկերավոր ասած,բովանդակությունը:
Իհարկե, առաջիկա տարիներին, մենք ավելի մեծ գումարներ ենք հատկացնելու պարտքի սպասարկման վրա: Օրինակ, 2020 թվականին պարտքի սպասարկման գծով մենք պետք է վճարենք մոտավորապես 1 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ մեր բյուջեի եկամուտները լավագույն սցենարի դեպքում կլինեն 3 միլիարդ դոլարի սահմաններում: Բայց սա տեխնիկական խնդիր է, և կառավարությունն ունի դրա լուծումը: Ընդամենը առաջիկա երկու տարվա ընթացքում կառավարությունը կգտնի մի հարմար պահ և այսպես կոչված «եվրոբոնդերի» միջոցով կփակի պարտքի մի զգալի մասը, իհարկե՝ նոր պարտք վերցնելով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: