Պուտինը քաղաքական վարկանիշի հարցն է դրել Քոչարյանի համար.Խոսրով Հարությունյան (տեսանյութ)
Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին ու վերջին մի քանի աղմկահարույց բացահայտումներին՝ մաքսանենգ ծխախոտի, ադամանդների, զենքի գործերով, Խոսրով Հարությունյանն ասել է. «Մենք արձանագրում են, որ, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Պուտինի հետ ձևավորել վստահելի միջանձնային հարաբերություններ: Իմ տպավորությամբ՝ Փաշինյանն անընդհատ փորձում է դուր գալ»:
Նախկին վարչապետը օրինակով է ներկայացնում իր խոսքը. «Ալիևի հետ մյունխենյան դեբատից հետո Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ միջազգային հանրությունը տեսավ՝ մենք որքան խաղաղասեր ենք: Ներողություն իհարկե, բայց ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ միջազգային հանրությունը երբևէ չեն էլ մտածել, որ մենք խաղաղասեր չենք»:
Խոսրով Հարությունյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ բոլորին դուր գալը վտանգավոր ցուցիչ է. «Երբ Փաշինյանն ասում է, որ Ալիևը կիրթ է, գուցե, բայց գիտե՞ք՝ որքան կիրթ սադիստներ կան: Բայց, երբ ասում ես՝ կառուցողական է նաև, սա արդեն բոլորին դուր գալու խնդիր է»:
Հաղորդման վերջում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին ու երեկ երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքում ընդունված նախագծերի փաթեթին, ասել է. «Վաղ թե ուշ երկրում ինչ-որ բան կփոխվի: Այսպես շարունակել չի կարելի, ՍԴ-ի նկատմամբ նման քայլերն անթույլատրելի են: Կգա մի պահ, որ իրավիճակը կդառնա անկառավարելի»:
Խոսրով Հարությունյանի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը յուրատեսակ թեստ դարձավ աշխարհի կառավարությունների համար. «Ցավոք, մենք այսօր արձանագրում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս քննությունը չհանձնեց, որը պետք է նաև անձամբ արձանագրի Փաշինյանը»: