Ռուս գնդապետը ծեծելով պատժել է իր ենթականերին` Սիրիայում Ասադի անվտանգության ուժերի ուղղությամբ կրակ բացելու համար
Սիրիայի արևելքում գտնվող Դեր Զորի հրամանատարական կետում տեղի ունեցած միջադեպը քիչ էր մնացել մի ամբողջ կարիերա արժենար ռուսական զորքերի օպերատիվ խմբի ղեկավար, գնդապետ Եվգենի Տելեշևի համար: Այս մասին գրում է Коммерсантъ պարբերականը:
Ռուսական խմբավորման հրամանատար գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովից տեղեկանալով, որ իր ենթակաները կրակել են Բաշար ալ Ասադի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ՝ գնդապետը նրանց պատժել է՝ բռնություն կիրառելով: Ծանր հետևանքներով պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար գնդապետին սպառնում էր ազատազրկում տասը տարի ժամկետով, բայց նրա նկատմամբ միայն տուգանքի որոշում է կայացվել:
Դատավարության ընթացքում հաստատվել է, որ գնդապետ Տելեշևը Սիրիայում իր գործուղման ընթացքում եղել է Էշ-Շոլա մարտավարական ուղղության վրա գտնվող օպերատիվ խմբի ղեկավարը:
2019 թվականի հուլիսի 23-ի առավոտյան Դեր Զորի հրամանատարական կետի (ՀԿ) ծառայողական աշխատասենյակում նա ծեծի է ենթարկել երկու ենթականերին՝ դժգոհ լինելով ՀԿ-ի պաշտպանության հատուկ առաջադրանքների կատարումից:
Ինչպես բացատրել է գնդապետը դատարանում, 2019-ի մայիսից հուլիս ամիսներին իրեն վստահված տարածքում իրավիճակը լարված էր. գրոհայինների՝ հրամանատարական կետի վրա հարձակում և Ռուսաստանի զորքերի հետ ճանապարհատրանսպորտային պատահար էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էին Սիրիայի քաղաքացիներ:
Երբ գնդապետը Ռուսաստանի զորքերի խմբավորման հրամանատար Անդրեյ Սերդյուկովից իմացել է , որ իր ենթականերից մեկը, գտնվելով մարտական դիրքում, կրակել է ՍԱՀ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցների մեքենայի ուղղությամբ և փամփուշտը կոտրել է մեքենայի ապակին, որի հետևանքով, բախտի բերմամբ, ոչ ոք չի տուժել, նա չի կարողացել զսպել իրեն և «բռնություն է գործադրել» այդ ենթակայի և նրա անմիջական վերադասի նկատմամբ:
Այնուհետև նա կարգադրել է ավագ սպային դաստիարակչական նպատակներով հանգստի սենյակում մեկուսացնել մեղավոր զինվորին:
Ըստ գնդապետի՝ նրան վրդովեցրել էր այն փաստը, որ դեպքի մասին ինքն իմացել է հրամանատարից, և ոչ թե իր ենթակաների զեկույցից, որոնք անգամ հերքել են դեպքի իրողությունը: Տուժածները իրենց հերթին դատարանին պատմել են, որ գնդապետը հարվածել է իրենց գլխին և որովայնին, մի քանի անգամ էլ հարվածել է դեմքին, իսկ քթի արյունահոսությունից հետո ստիպել է վերնաշապիկով մաքրել հատակը: Ռազմական բժիշկը հաստատել է, որ զինծառայողների մոտ փակ գանգուղեղային վնասվածքներ և ուղեղի ցնցում է եղել, որոնք որակավորվում են որպես առողջությանը հասցված թեթև վնաս:
Ուսումնասիրելով գործի հանգամանքները՝ դատարանը գնդապետ Տելեշևի համար նշանակել է ավելի մեղմ պատիժ, քան նման արարքների համար ընդունված 3-10 տարվա ազատազրկումը: Հաշվի առնելով Տելեշևի մատուցած ծառայությունները հայրենիքին, պատերազմի մասնակից լինելու հանգամանքը և նրա անցած ուղին, նրան պարզապես տուգանել են 350 000 ռուբլիով, բացի դրանից պարտավորեցրել են 70 000 ռուբլի վճարել տուժածներին: