Էրդողանը, որն իր երկրում հրաժարվում է ազատություն տալ քաղաքացիներին, նման բան Եվրոպայում է պահանջում. Շուլց
Եվրախորհրդարանի նախկին նախագահ, Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ազատ արձակել Թուրքիայում անազատության մեջ գտնվող լրագրողներին, այս մասին գրում է թուրքական ensonhaber.com կայքը։
«Էրդողանը, որն իր երկրում հրաժարվում է ազատություն տալ քաղաքացիներին, նման բան Եվրոպայում է պահանջում», - ասել է Շուլցը՝ շեշտելով, որ եթե նախկինում Թուրքիան բռնել էր ժողովրդավարության ուղին, ապա այժմ այդ հարցում հետքայլ է անում:
Ավելի վաղ Շուլցը կրկին քննադատել էր Թուրքիայի իշխանություններին և կոչ արել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հետ կանգնել բռնած ուղուց և բռնել Եվրոպայի՝ ժողովրդավարության ուժեղացման համար Թուրքիային մեկնած ձեռքը:
Եվրախորհրդի պատգամավորների դատին հանձնված զեկույցը, որն ընդունվել է 110 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, պահանջում է Թուրքիայից ազատ արձակել ահաբեկչական միջոցառումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված լրագրողներին, վերանայել Թուրքիայի քրեական օրենսգրքի «Թրքությունը վիրավորելու» մասին 301-րդ հոդվածը, ինչպես նաև «նախագահին վիրավորելու» մասին 229-րդ և «ժողովրդի մեջ ատելություն սերմանելու» մասին 216-րդ հոդվածները: Զեկույցը նաև կոչ է անում վերանայել համացանցի հրապարակումների վերաբերյալ մեղադրանքներն ու թուլացնել Թուրքիայի պետական հեռուստաալիքի նկատմամբ պետական վերահսկողությունը: