Միայն քաղաքացիների վրա պատասխանատվությունը դնելը սեփական անկարողության ցուցադրումն է. Մանե Թանդիլյան
Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ուղղակիորեն ձախողել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Նրա խոսքով յուրաքանչյուր միջոցառում անհրաժեշտ էր անել պատեհաժամ, այսինքն ճիշտ այն պահին, երբ դրա կարիքը կա. «Սա այն հանգամանքն է, որ մեկ-երկու օր ուշացումը կարող էր ճակատագրական լինել և այդպես էլ եղավ։ Այն միջոցառումները, որոնց մասին այսօր խոսում է կառավարությունը, վարչապետը պետք էր անել ավելի վաղ և ճիշտ ձևաչափերով։ Կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը տարածվեց ժողովրդի մեջ։ Այդ վերաբերմունքը կառավարությունից եկել և տարածվել է քաղաքացիների մեջ։ Ուզում եմ հույս հայտնել, որ մեր քաղաքացիներն ավելի խոհեմ կգտնվեն, քան կառավարությունը, որը ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա ակնհայտ է, որ խուճապի մեջ է»,-ասաց Մանե Թանդիլյանը։
Վերջինս այժմ տեսնում է կառավարության անհանգստությունը, մտահոգությունը, բայց որևէ կերպ չի կարող արդարացնել ժամանակին դա չանելը։
Մանե Թանդիլյանը նկատեց, երբ կա որևէ կարգադրույթյուն, դրա կիրառման, կատարման համար պատասխանատու է կառավարությունը. «Այո հեշտ չէ, իսկ ո՞վ էր ասել, որ հեշտ է լինելու։ Ո՞վ էր ասել, որ հենց հայտարարություն անեն, այդ օրվանից հետո բոլորն անմիջապես ամեն ինչ անելու են։
Հետևաբար դա բնական է և պատասխանատվությունը չի կարելի դնել քաղաքացիների վրա։ Այս պահին միայն քաղաքացիների վրա պատասխանատվությունը դնելը սեփական անկարողության ցուցադրումն է։ Այս պարագայում նա, ով որոշում է ընդունել պետք է ապահովի դրա կատարումը։ Օրինակ տվյալ դեպքում ենթադրենք ֆաբրիկայի դեպքը, իսկ կա՞ն այդ քաղաքում բավականաչափ ավտոբուսներ։ Տեղյա՞կ է կառավարությունը, որ բավականաչափ քանակի ավտոբուսներ չկան այդ քաղաքում։ Երբ միջոցներ ենք պարտադրում, տեղյա՞կ ենք արդյոք հնարավոր է դրա կիրառությունը, թե ոչ, և այդ կիրառումն ապահովելու մեխանիզմն ունենք, թե ոչ։ Սա է խնդիրը և այստեղ տեսնում եմ կառավարության անկարողությունը»,-ասաց Մանե Թանդիլյանը։