Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ուղղակիորեն տապալեց հակաճգնաժամային ծրագրերը. այժմ խիստ սահմանափակումների կարիք կա. Գագիկ Համբարյան
Եթե մենք տեսնում ենք, որ երկրում իրավիճակը կրոնավիրուսի տարծմամբ պայմանավորված՝ խնդրահարույց է, ապա իհարկե, խիստ սահմանափակումների կարիք կա, բայց երկրի ղեկավարը չի կարող քաղաքացիների համար բնականոն կյանք ապահովել: Սահմանափակումներին վերադառնալու համար ընդամնեը մեկ որոշում է պետք, բայց մեր իշխանությունն ի վիճակի՞ է քաղաքացիներին նորմալ կյանքով ապահովելու:
Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով Հայաստանում կորոնավիրուսի տարածման և իշխանության վարած գործելաոճի մասին:
«Սահմանափակումների թուլացումը նպաստեց, որ վարակակիրների թվի առումով թռիչքաձև աճ ունեցանք, ինչպես նաև կտրուկ աճել են մահերի դեպքերը, միևնույն ժամանակ մենք չտեսանք այն դրական արդյունքները տնտեսության մեջ, ինչի համար էլ որոշվեց թուլացնել սահմանափակումները»,- ասաց Համբարյանը:
Ըստ նրա՝ սահմանափակումների թուլացումն ընդամենը մեկ արդարացում ուներ՝ փրկել Հայաստանի տնտեսությունը, որն ամեն դեպքում չստացվեց: Համբարյանը նշեց, որ գիտակցում է, որ Իտալիայի, ԱՄՆ-ի կամ այլ խոշոր երկրների ռազմավարությունը կրկնելը դժվար է, բայց շեշտեց նաև, որ նույն ժամանակ կարելի էր օրինակ վերցնել հարևան Վրաստանից:
«Փաստորեն, նույնիսկ Վրաստանի նման չենք կարող դիմակայել այս ճգնաժամին: Մեկ բան կարող եմ ասել՝ ՀՀ իշխանությունը, պարոն Փաշինյանի իշխանությունը, ուղղակիորեն տապալեցին հակաճգնաժամային ծրագրերը, այլ կերպ չի կարելի մեկնաբանել: Ոչ մի կերպ չի ստացվում օբյեկտիվ պատճառաբանություններ բերել»,- ասաց նա:
Համբարյանը հիշեցրեց, որ վարչապետն ի սկզբանե չցանկացավ պարետի պարտականություններն իր վրա վերցնել, որպեսզի այն իրավիճակը, որն ունենք հիմա, միայն կապի պարետատան սխալ աշխատաոճի հետ, իսկ հիմա մեկ օրում 500-ից ավելի թվերով ավելանում են վարակման դեպքերը: Ըստ նրա՝ նման տեմպերը չեն վստահեցնում, որ մի քանի օրից վարակման դեպքերը կնվազեն:
«Որքան էլ վարչապետն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներով, շոուներով հասարակությանը փորձի ցույց տալ, թե ինչպես պետք է պայքարել կամ հաթաթաներ տալ ու ժողովրդին մեղադրել, ասել, որ ժողովուրդն է մեղավոր վարակի մասշտաբային տարածման հարցում, միևնույն է, մենք տեսնում ենք, որ կան երկրներ, որոնք կարողանում են ճիշտ ռազմավարությամբ պայքարել վարակի դեմ: Տեսանք, որ Արսեն Թորոսյանը հեգնեց և կասկածի տակ դրեց Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարը, բայց նույնիսկ այդ կասկածելը շեշտակի և բավականին ցավոտ եղավ մեր նրա համար»,- շեշտեց քաղաքագետը:
Անդրադառնալով վարչապետի և իր ընտանիքի անդամների կորոնավիրուսով վարակվելու թեմային՝ Համբարյանը շեշտեց՝ ոչ ոք ապահովագրված չէ վարակվելուց և չի էլ ցանկանում անմեղության կանխավարկած խախտել, բայց ամեն դեպքում չի հավատում վարչապետի և իր ընտանիքի հիվանդ լինելուն, քանի որ ինչպես ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էր ասել՝ այցելել է վարչապետին, բայց չի վարակվել: Նա հիշեցրեց պատգամավորի այն խոսքը, թե վարչապետի ընտանիքին այցելել է, բայց հեռվից է շփվել իրենց հետ: «Այդպիսի անտրամաբանական հայտարարություններ միայն նրանից կարելի էր սպասել, եթե Փաշինյանը չգիտեր իր վարակակիր լինելու մասին, ուրեմն բռնակ է բռնել, կահույքի էր ձեռք տվել, ստացվում է Հրաչյա Հակոբյանը օդով է քայլում: Սա շոու է»: