Ռոբուստա տեսակի սուրճը, պարզվել է, զգայուն է կլիմայի համաշխարհային փոփոխության հանդեպ
Ռոբուստա տեսակի սուրճը, պարզվել է, զգայուն է կլիմայի համաշխարհային փոփոխության հանդեպ՝ դրա համար լավագույն ջերմաստիճանը գտնվում է 18,6-26,6 աստիճանի սահմաններում՝ ըստ Ցելսիուսի, այլ ոչ թե 22-30 աստիճանի, ինչպես համարվում էր նախկինում։ Global Change Biology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն, մեկ աստիճանով օդի ջերմաստիճանի աճը հանգեցնում է բերքի առնվազն 14 տոկոս նվազման, գրում է N+1-ը։
Սուրճի համաշխարհային բերքի մեծ մասը ապահովում են դրա ընդամենը երկու տեսակները՝ Coffea Arabica-ն եւ Coffea canephora-ն (արաբիկան եւ ռոբուստան)։ Ավանդաբար մասնագետներն ավելի շատ անհանգստացած էին կլիմայի համաշխարհային փոփոխման պայմաններում արաբիկայի աճեցման հեռանկարով․ այդ տեսակը առաջացել է Արաբական թերակղզու զով բարձրավանդակներում, որտեղ օդի տարեկան միջին ջերմաստիճանը 18-23 է, եւ այն զգայուն է ավելի տաք պայմանների հանդեպ։ Եւ հակառակը, ռոբուստան համարվում է տաք կլիմայի հանդեպ կայուն, քանի որ պատմականորեն այդ տեսակը զարգացել է Կենտրոնական Աֆրիկայում Կոնգո գետի ցածրադիր հարթավայրերում, որտեղ միջին տարեկան ջերմաստիճանի միջակայքը 22-30 աստիճանից չի իջնում։ Սակայն կարեւոր է հիշել, որ գյուղատնտեսության մեջ կարեւոր են ոչ այնքան բույսերի կենսունակությունը եւ վեգետատիվ աճի նրանց ունակությունը (որոնք ռոբուստայի դեպքում հնարավոր են նաեւ ջերմաստիճանի մեծ տատանումների դեպքում), որքան պտղի արդյունավետ կրումը։
Հարավային Քվիսլենդի համալսարանից գիտնականները Ջարոդ Քաթի ղեկավարությամբ հետազոտել են տաքացման ազդեցությունը ռոբուստայի աճի, ծաղկման եւ պտղակրության վրա։
Պարզվել է, որ ռոբուստա սուրճը այնքան էլ կայուն չէ տաքացման հանդեպ, ինչպես համարվում էր նախկինում՝ վեգետացիոն շրջանում 15,2-ից մինչեւ 16,2 օդի նվազագույն ջերմաստիճանի բարձրացվման դեպքում դրա բերքատվությունը նվազել է 14 տոկոսով (հեկտարից 350-460 կիլոգրամով), 18,6 աստիճանի դեպքում՝ 25 տոկոսով, իսկ 20,7 աստիճանի դեպքում՝ արդեն 50 տոկոսով։
Վեգետացիոն շրջանում տեղումների քանակը դրական ազդեցություն է ունեցել բերքատվության վրա՝ դրանց 1550 մմ-ի մակարդակը համապատասխանել է ամենաբարձր բերքատվությւանը։ Եւ հակառակը, ծաղկման շրջանում տեղումները բացասաբար են անդրադարձել բերքի վրա՝ 900մմ-ից ավելի տեղումները հանգեցրել են բերքատվության ավելի քան 25 տոկոս նվազման։
Բարձր բերքատվության համար լավագույն պայմանները եղել են ցածր միջին նվազագույն ջերմաստիճանները (<18,6 աստիճան՝ ըստ Ցելսիուսի) եւ 1200-2700 մմ տեղումները՝ վեգետացիոն շրջանում, եւ միջին ջերմաստիճանի բարձրացումը եւ տեղումների քանակի նվազումը՝ ծաղկման շրջանում։
Հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ ռոբուստայի համար գրականության մեջ ամրագրված ջերմաստիճանային լավագույն պայմանները (22-30 աստիճան՝ ըստ Ցելսիուսի) պետք է վերանայել 18,6-26,6 աստիճանի օգտին։ Առավել բարձր ջերմաստիճանները չեն հանգեցնում ոչնչացման կամ թփերի վատ աճի, սակայն նպաստում են դրանց վեգետատիվ աճին՝ ի վնաս պտղակրությանը, իսկ դա նշանակում է, որ նվազեցնում են բերքատվությունը։ Սա կարող է վնաս հասցնել սուրճի բազմամիլիարդանոց ինդուստրիային եւ հարված հասցնել միլիոնավոր ասիական ֆերմերների։