Արման Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի 5 մլն դրամ գրավը
ԱԺ նախկին պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀԿ անդամ Արման Սահակյանի նկատմամբ քննիչի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ այսօր պաշտպանը վարույթն իրականացնող մարմին է ներկայացրել 5 մլն դրամի չափով վճարված գումարի կտրոնը՝ որպես գրավ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց Արման Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։
Նա պարզաբանեց, որ օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ քննիչի կողմից երկու խափանման միջոց է ընտրվում և երկու օրվա ընթացքում գրավը վճարելու դեպքում չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը վերացվում է։
Նշենք, որ Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։
Պաշտպանի խոսքով՝ Սահակյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում այն պարզ պատճառով, որ ինքը որևէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ։
Խաչատրյանը նշեց, որ մեղադրանքն իրենց համար զարմանալի է, քանի որ համոզված են, որ քննիչը չի կարող որևէ ապացույց մատնանշել, որը կապացուցի Արման Սահակյանի առնչությունն իրեն մեղսագրվող արարքին։
«Դրանք վարույթն իրականացնող մարմնի չփաստարկված ենթադրությունների արդյունքներն են, որոնք չեն կարող լինել ողջամիտ»,- ասաց փաստաբանը։
Հարցին, թե արդյո՞ք Արման Սահակյանի մասնակցությամբ նախկինում եղել են քննչական գործողություններ, փաստաբանը պատասխանեց, որ նախկինում որևէ քննչական գործողությունների չի մասնակցել, հարուցված քրեական գործն Արման Սահակյանի վերաբերյալ չի եղել։ Փաստաբանի փոխանցմամբ՝ Արման Սահակյանը հարցաքննվել է, որովհետև մեղադրանք առաջադրելուց հետո պետք է 24 ժամվա ընթացքում հարցաքննել։
Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ Խաչատրյանը մանրամասներ չհայտնեց, սակայն տեղեկացրեց, որ հարցաքննության ընթացքում հայտնել են իրենց դիրքորոշումը, որ մեղադրանքն ակնհայտ անհիմն է։
«Որևէ ապացույց չկա և չի էլ կարող լինել, որովհետև Արման Սահակյանը որևէ կապ չունի մեողսագրվող արարքի հետ, դպրոցի հողատռարածքների հետ, բացի դրանից էլ՝ բոլոր պատկան մարմինները ստուգել նև համոզվել, որ Արման Սահակյանը մի թիզ հող այդտեղից ձեռք չի բերել և չունի»,- նշեց Խաչատրյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ վարույթն իրականացնող մարմինը Արման Սահակյանին մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակներում ներգրավել է որպես մեղադրյալ։