Ինչո՞ւ են ասիմպտոմ վարակակիրներին տուն ոււղարկում. «Այլեւս պահելու տեղ չկար, լուծման այլ տարբերակ գոյություն չուներ»
Մենք մեկուսացման քաղաքականությունը վարեցինք այնքան ժամանակ, քանի դեռ մեր հյուրանոցային վայրերի հնարավորությունները ներում էին: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ասիմպտոմ դեպքերի դուրս գրումը եւ վերադարձը ընտանիք, որտեղ մյուսներն առողջ են արդյոք չի՞ նպաստում վարակի տարածմանը:
«Մեր քաղաքացիները վկա են, որ պարետատունը, կառավարությունը, առողջապահության նախարարությունը ամեն ինչ արել են, որ մեկուսացման պայմանները լինեն մաքսիմալ արժանապատիվ ու հարմարավետ, բայց եկավ մի պահ, երբ այնքան շատ էին մեկուսացվածները, այնքան շատ էին դրական դեպքերը, որ այլեւս նրանց նրանց նման պայմաններում պահելու հնարավորություն չկար:
Ըստ էության, լուծման այլ տարբերակ գոյություն չուներ: Բայց ես ուզում եմ նաեւ ասել, որ շատ դեպքերում չախտորոշված դեպքն ավելի վտանգավոր է, քան ախտորոշվածը, որովհետեւ ախտորոշմած անձը եւ նրա ընտանիքի անդամները գիտեն դրա մասին եւ կրկնակի, եռակի զգույշ են լինում»,-ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ շատ երկրներ հենց ի սկզբանե են ասիմպտոմ կամ թեթեւ դեպքերը թողել տանը. «Սոցիալական ցանցերում կարող եք հանդիպել, թե ինչպես արտերկրում բնակվող մեր հայրենակիցները նկարագրել են, որ գնացել են առողջության պահպանման առաջնային օղակ, էնտեղ իրենց ախտորոշել են եւ քանի որ սիմպտոմ չեն ունեցել, ուղարկել են տուն»,-ասաց նա: