Վրաստանում կորոնավիրուսի տարածվածությունը կազմում է 0,59%. առողջապահության նախարար
Վրաստանում տիրող գոհացուցիչ համաճարակաբանական իրավիճակը թույլ է տալիս աստիճանաբար սկսել տնտեսական գործունեությունը և այն առավել զանգվածային դարձնել: Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսային վարակի տարածվածությունը երկրի մասշտաբով կազմում է 0.59 տոկոս:
Երկրում մայիսի 23-ից դադարեցվել է արտակարգ դրության ռեժիմը, որը երկու ամիս էր տևել: Իշխանություններն ուժի մեջ են թողել մի շարք սահմանափակումներ, որոնք վերացվելու են հուլիսի 15-ից:
Փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում կորոնավիրուսով վարակման 732 դեպք է գրանցվել, նրանցից 537-ը (73,3%) ապաքինվել են: Ներկա պահին կորոնավիրուսով վարակվածներին բուժող հիվանդանոցներում 183 մարդ է գտնվում: Ապաքինվածների թիվն արդեն երկու անգամ գերազանցում է բուժումը շարունակողների ցուցանիշը:
Վրաստանի մի շարք շրջաններում համաճարակի ընթացքում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի արձանագրվել, ինչպես օրինակ՝ Կախեթիում, Գուրիայում և Վերին Աջարիայում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բոլոր վարակվածներն ապաքինվել են Բաթումիում: Երկիրը նախատեսում է հուլիսի մեկից բացել դռները արտասահմանցի զբոսաշրջիկների առաջ: