Չինաստանը հայտարարել է, որ մոտենում է ԱՄՆ-ի հետ նոր «սառը պատերազմը»
ԱՄՆ-ի որոշ քաղաքական ուժեր աղավաղում են իրականությունը և առճակատում են հրահրում Չինաստանի հետ, ինչը կարող է բերել նոր «սառը պատերազմի»: Այս մասին թվիթերյան օգտահաշվում գրել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Չինաստանի դիվանագետները հայտարարում են, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից բացի աճում է նաև «քաղաքական վիրուսը», որը արտացոլվում է Չինաստանի նկատմամբ զրպարտանքներով և հարձակումներով:
«Որոշ քաղաքական գործիչներ անտեսում են հիմնական փաստերը և անհիմն կեղծ մեկնաբանություններ և դավադրության տեսություններ են առաջ բերում Չինաստանի վերաբերյալ ... Միացյալ Նահանգների որոշ քաղաքական ուժեր անտեսում են Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները և մեր երկու երկրներին դնում «նոր սառը պատերազմի» շեմին: Սա վտանգավոր փորձ է ՝ հետ շրջել պատմության անիվը», - ասված է հայտարարության մեջ:
Թե՛ Չինաստանը, և թե՛ Միացյալ Նահանգները «կշահեն համագործակցությունից և կտուժեն հակամարտությունից», - հավելում է Չինաստանի ԱԳՆ-ն:
Չինաստանը և Միացյալ Նահանգները սոցիալական տարբեր համակարգեր ունեն, բայց սա մեր ժողովուրդների կողմից արված տարբեր ընտրությունների արդյունքն է, որը մենք պետք է հարգենք: Ճիշտ է նաև, որ մենք ունենք բազմաթիվ տարաձայնություններ, բայց դրանք չեն բացառում համագործակցությունը», - շարունակել են Չինաստանի արտգործնախարարությունում:
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է գտնեն խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության միջոցներ՝ ցույց տալով, որ դա հնարավոր է երկու տարբեր մշակութային համակարգերի կրողների միջև: