Պուտինը կոչ է արել աշնանը պատրաստ լինել կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առողջապահության նախարարությանը կոչ է արել այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատրաստ լինել կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքին, գրում է tass.ru-ն։
Ռուսաստանում սանիտարահամաճարակային իրավիճակի մասին խորհրդակցության ժամանակ պետության ղեկավարը համաձայնել է համավարակի ավարտից հետո բժշկական հաստատությունների ամբողջ ծավալով վերականգնման անհրաժեշտության հետ:
«Ես ցանկանում եմ գործընկերների, նախևառաջ առողջապահության նախարար Միխայիլ Ալբերտի Մուրաշկոյի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սահմանափակումների ռեժիմներից աստիճանաբար դուրս գալով, որոնցում մենք դեռևս զգալիորեն գտնվում ենք, պետք է մտածել նաև մասնագետների հնչեցրած կարծիքների մասին, որոնց համաձայն՝ երկրորդ ալիքը հնարավոր է աշնանը՝ հոկտեմբերի վերջին-նոյեմբերին»,- նշել Է Պուտինը: ՌԴ նախագահը կոչ է արել պատրաստ լինել իրավիճակի նման զարգացմանը։
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 326 448 դեպք, որոնցից 3 249-ը՝ մահվան ելքով։