Իշխանությունը մարդկանց ասում է՝ ամեն մեկդ ձեր գլխի ճարը տեսեք. Ստեփան Մարգարյան (տեսանյութ)
Հայաստանում ճգնաժամային կառավարում այդպես էլ չիրականացվեց, այն դեպքում, երբ առկա է այլ երկրների փորձը, վտանգն էլ մեծ է, և այսօր ճգնաժամն այնքան է խորացել, որ առողջապահության նախարարն իրեն թույլ է տալիս պնդել, թե կարող ենք օրական հարյուրավոր դիակներ ունենալ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
«Արտակարգ դրության ռեժիմը չգործեց իր ամբողջ ծավալով, մարդկանց այդպես էլ չմեկուսացրին: Մենք չգիտենք՝ այս փուլում ի՞նչ ենք անելու, ի՞նչ է կախված մեզնից: Եթե նման աղետի պայմաններում չենք գործում համատեղ, հաջողություն չենք ունենա: Պետք էր ավելի շուտ բնակավայրերն իրարից մեկուսացնել: ՀՀ և Արցախի իշխանությունները նախօրեի հայտնի լուսանկարում խախտել էին իրենց իսկ սահմանած բոլոր կանոնները»,- ասել է նախկին պատգամավորը:
Ըստ Մարգարյանի՝ կառավարությունն իրավունք չունի ասելու՝ ամեն մեկդ ձեր գլխի ճարը տեսեք, պետք է ականջալուր լինել ոլորտի արհեստավարժներին. «Եթե իշխանությունն իրեն թափ չտա, մենք աղետի առաջ ենք կանգնելու: Սև ու սպիտակի բաժանումն անգամ այս փուլում չի դադարել: Այսօր երկրում զրոյական բանավիճային մթնոլորտ է, չկա բովանդակային որևէ քննարկում, ցանկացած հարց քննելիս սկսվում են կոպիտ, անձնական բնույթի պիտակավորումներ»:
Նախկին պատգամավորի կարծիքով՝ անհասկանալի են վարչապետի՝ «եթե վատն ենք, մենք կգնանք, նախկինները կգան» բնույթի պնդումները. «Այսօր Սահմանադրության փոփոխության օրակարգը հանգել է բացառապես դատարանի նախագահին հեռացնելուն: Եթե չհաջողվի ձևավորել ընդդիմադիր բևեռ, որն օրակարգ կթելադրի, երկիրն ապագա չի ունենա: Բացարձակ էական չէ՝ ինչ անձինք են այդտեղ, խոսքն անձանց մասին չէ, ընդդիմությունը պետք է իր մոտեցումներն առաջ բերի»:
Ստեփան Մարգարյանի պնդմամբ՝ առանձնապես տարբերություն չկա՝ փողո՞վ, թե՞ էյֆորիայի ազդեցությամբ ընտրվել ԱԺ պատգամավոր, քանի որ երկու դեպքում էլ ընտրողը քվեարկում է առանց լուրջ ծրագիր տեսնելու. «Այսօր իշխանությունը որևէ պատասխանատվություն չունի, ասում են՝ նվիրյալներ չենք, պետք է միլիոններով պարգևավճարներ ստանանք: Բայց հանրությունը չի զգում՝ իր կյանքն ինչպես է փոխվելու: Դեռ որքա՞ն են նախկին իշխանությունները գաղափարապես սնելու նորերին: Նախկինների գործոնն արդեն սպառվում է, մարդիկ սկսում են հարցնել՝ իսկ դուք ինչո՞վ եք լավը»:
Նախկին պատգամավորի պնդմամբ՝ այսօր աբսուրդային է խոսել ՍԴ-ի դեմ մի հերթական մեխանիզմի մասին, այն դեպքում, երբ իշխանությունն ասում է՝ օրական հարյուրավոր մահեր կունենանք: «Հայաստանի Առաջին հանրապետության օրոք էր այդպես, երբ դիակները փողոցում ընկած էին: Եթե մենք ուշքի չգանք և չսկսենք տրամաբանական քայլեր անել, որևէ լույս չի երևա ապագայում»,- ասել է Մարգարյանը:
«Պարզ չէ, թե ինչ ենք անում այսօր արցախյան խնդրի ուղղությամբ: Մեր դաշնակցի ԱԳ նախարարը մի բան է հայտարարում, մերոնք՝ այլ բան, չես հասկանում՝ բանակցություններ կա՞ն, թե՞ ոչ: Հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ կան»,- ամփոփել է նախկին պատգամավորը: