Վաղ տարիքից միմյանցից բաժանված շները ճանապարհին պատահմամբ հանդիպել են իրար և «գրկախառնվել»
Անգլիայի Դարհեմ կոմսությունում վաղ տարիքից միմյանցից բաժանված շները ճանապարհին պատահմամբ հանդիպել են իրար և ճանաչել միմյանց․ հանդիպումը հուզիչ ու զվարճալի տեսարանի է վերածվել, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ այս դեպքի մասին թվիթերյան իր օգտահաշվում պատմել է Բիշոփ Օքլենդից Լիբի Փինչեր անունով մի աղջիկ, որի խոսքով՝ իր ընկերներից մեկը շանը զբոսնելու է տարել և այդ ընթացքում նրանց ընդառաջ տիրոջ հետ միասին մեկ այլ շուն է եկել։
Կենդանիներն, իրար տեսնելով, սկսել են խաղալ միմյանց հետ ու գրկախառնվել։ Այնուհետև տերերը զրուցել են և հասկացել, որ նույն վայրից են կենդանիներին վերցրել, այսինքն՝ շները նույն մայրն ունեն։
Թվիթերյան այս հրապարակումը կարճ ժամանակում ավելի քան 705 000 հավանում է ստացել։