Գագիկ Համբարյանին հրավիրել են ոստիկանություն
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ծանուցում ստացա, որ ինձ հրավիրում են բացատրություն տալու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ենթադրում եմ, որ այս հրավերը կապ ունի, այսպես կոչված, մաքսանենգ ծխախոտի գործի հետ...
Զավեշտալին այն է, որ իմ գրառման մեջ, որը ես արել եմ մայիսի 2-ին տեղեկությունը հրապարակելիս, նշել եմ, որ այն հրապարակվել է բազմաթիվ ԶԼՄ-ներում մայիսի 1-ին , ինչպես նաեւ ներկայացրել եմ իմ գրառումից վիրավորված ՀՀ գլխավոր աներորդի Հրաչյա Հակոբյանի հերքումը...
Բայց գործող իշխանությունները, այդ գրառումն «այլասերելով», ինչ-որ ձեւով փորձում են ինձ ամեն գնով վախեցնել եւ լռեցնել՝ վերագրելով ինձ մի բան, որի հեղինակը ես չեմ:
Ինձ վախեցնելու եւ լռեցնելու փորձերն ապարդյուն են:
Հ.Գ. Հայաստանի ոստիկանությունը եւ իրավապահ համակարգը սարսափելի վիճակում են, քանի որ դարձել են գործող իշխանությունների ձեռքի մահակն այլախոհների եւ ընդդիմադիրների բերանները փակելու համար»: