Շուշին մեզ համար լոկ կրակակետ չէր, որ պետք էր լռեցնել, Շուշին հայի գերեվարված արժանապատվությունն էր. Ղուլյան
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եռատոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, Արցախի, Մայր հայրենիքի եւ Սփյուռքի մեր քույրերին եւ եղբայրներին մայիսյան Եռատոնի առթիվ:
Հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովրդի համար պատմության ընթացքը չափվում է ոչ այնքան տարիներով կամ դարերով, որքան այդ ընթացքում կերտած սխրանքներով եւ փառավոր էջերով: Մայիսյան եռատոնը վերջին հարյուրամյակի մեր սխրանքների գոհարն է եւ մեր ժողովրդի անպարտելիության վկայությունը:
Հարատեւում եւ փառքի են արժանանում այն ազգերը, որոնք ամուր են պահում հաղթանակների շղթան: Մեզ դա հաջողվեց մեր ոգու եւ միասնականության շնորհիվ: 75 տարի առաջ խորհրդային բանակի կազմում հարյուր հազարավոր հայորդիների տարած հաղթանակը վերահաստատվեց արցախյան ազատամարտի օրերին: Պատմական զուգադիպությամբ մայիսի 9-ը մեզ համար վերաիմաստավորվեց եւ դարձավ հերոսական Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր:
Շուշին մեզ համար լոկ կրակակետ չէր, որ պետք էր լռեցնել, եւ ոչ էլ պարզապես մի բնակավայր, Շուշին հայի գերեվարված արժանապատվությունն էր, որի վերադարձը կանխորոշեց մեր հետագա հաղթանակները: Իսկ ազատության համար պայքարում ծնված բանակն էլ ավելի ամրապնդեց Արցախի եւ ընդհանուր հայկական տարածքի պաշտպանությունն ու անվտանգությունը:
Մենք հասկացանք, որ խաղաղությունը չի նվիրվում, այն մեծագույն արժեք է, որ ձեռք է բերվում անկոտրում կամքի եւ աննկուն պայքարի արդյունքում՝ ցավոք պահանջելով նաեւ անդառնալի կորուստներ: Փառք եւ խոնարհում մեր բոլոր նահատակներին, որոնց կյանքի գնով իրականություն են դարձել մեր ազգային երազանքներն ու իղձերը:
Մեր վետերաններին, ազատամարտիկներին, պաշտպանության բանակի զինծառայողներին եւ բոլորիս վերստին շնորհավորելով ազգային հպարտության այս տոնի առթիվ՝ մաղթում եմ ուժ եւ զորություն՝ հանուն մեր հայրենիքի խաղաղության եւ բարօրության»: