Սոցիալ-տնտեսական ընդհանուր ծրագիր, ղարաբաղյան խնդիր, անվտանգություն և ՀՀ իշխանությունների հետ ներդաշնակ աշխատանք. Արայիկ Հարությունյան
Բարձրաստիճան պաշտոն զբաղեցնողերը պետք է առաջին հերթին լինեն հասանելի հանրության համար, աշխատեն թափանցիկ և հարգվեն հանրության կողմից, իհարկե, լինելով արհեստավարժ, այսինքն՝ պետք է լինեն թափանցիկ, հասանելի, մարդկային, սրանք իմ սկզբունքներն են: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին՝ ինչպիսի՞ կարդային քաղաքականություն է վարելու, արդյոք կա՞ն քննարկումներ քաղաքական ուժերի հետ:
«Կլինեն փոփոխություններ, նաև կլինեն գործիչներ, որոնք կմնան, այնպես չէ, որ ամբողջությամբ փոխվելու է, կամ այնպես չէ, որ բոլորը մնալու են: Այսօր դեռ չեմ մտածել այդ ուղղությամբ, որովհետև ունենք ժամանակ: Նշանակումների ժամանակ հնարավորություն կունենանք հիմնավորել՝ ինչու է տվյալ անձը նշանակվում այդ պաշտոնին և ինչ սկզբունքներից ելնելով»,- ասաց նա:
Հարցին՝ առաջին անգամ Արցախում ձևավորված իշխանությունն ընդդիմութուն ունի ոչ միայն խորհրդարանում, այլ՝ փողոցում, արդյոք կհաջողվի՞ մեկ առանցքի շուրջ համախմբել բոլորին, Հարությունյանն ասաց, որ եթե փողոցի ընդդիմութան և խորհրդարանի ընդդիմության նպատակը մեկն է՝ երկրի ապագան, ապա հաջողվելու է, եթե ունեն այլ օրակարգ, իհարկե, դժվար է լինելու: «Բաց եմ բոլորի համար, աշխատելու եմ թափանցիկ և որևէ խոչընդոտող հանգամանք չկա համագործակցել և՛ փողոցի ընդդիմության հետ, և խորհրդարանական, և՛ արատախորհրդարանական ուժերի հետ, բոլորի հետ պատրաստ ենք համագործակցելու»:
Հարությունյանը հայտարարեց՝ դեռ վերջնական չգիտի՝ կոալիցիոն կառավարություն կլինի, թե համագործակցության այլ ձևաչափ: «Նորից եմ ասում՝ պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ: Օրակարգը նշել եմ՝ սոցիալ-տնտեսական ընդհանուր ծրագիր, ղարաբաղյան խնդիր, անվտանգություն և Հայաստանի իշխանությունների հետ ներդաշնակ աշխատանք․ այս օրակարգի շուրջ պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ: Մի քանի օրից կսկսեմ հանդիպումներ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ, պատրաստ եմ հանդիպումներ ունենալ արտախորհրդարանական ուժերի հետ ևս, դրանից հետո կունենանք ընդհանուր պատկեր»,- ընդգծեց նա: