«Պոբեդան» զբաղված է գյումրեցիներին թալանելով»․ Առավոտ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ Գյումրի-Մոսկվա ու հակառակ ուղղությամբ չվերթ իրականացնող «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը, չարաշահելով Գյումրու ավիաշուկայում իր մոնոպոլիստական դիրքն, ահռելի թանկ գներ է սահմանել տոմսի համար։ Բացի այդ, ըստ քաղաքագետի, «Պոբեդան» թալանում է» ուղևորներին, օրինակ՝ միմյանց կողք նստելու ցանկություն ունեցողներից 500 ռուբլի գումար է գանձում, երեխաների սնունդը ինքնաթիռ բարձրացնելու համար՝ մոտ 10 հազար դրամ։
«Բյուջետային ավիաընկերությունն իրավունք չունի այդ քաղաքականությունը վարել, դա տարրականորեն մենաշնորհի չարաշահում է և հարստահարում է ժողովրդին։ Ինչ ի նկատի ունեմ, եթե թռիչքից 2-3 օր առաջ Գյումրիից-Մոսկվա կամ Մոսկվայից-Գյումրի արժե 101 հազար դրամ, ինքնըստինքյան ինձ՝ որպես ուղևոր, հետաքրքրում է՝ ինչ ծառայություններ է տրամադրելու տվյալ ավիաընկերությունը, այս դեպքում «Պոբեդան» իր ուղևորներին։ Պարզվում է «Պոբեդան» ոչ մի ծառայություն չի մատուցում, ուղեբեռը 10 կիլոգրամ է, ձեռքի ուղեբեռ թույլ չեն տալիս ներս տանել, ավելի խայտառակ փաստեր ասեմ, եթե երկու ուղևորներ՝ նույն ընտանիքի անդամներ կամ ընկերներ ցանկություն ունեն իրար կողք նստելու, ապա դրա համար պետք է լրացուցիչ վճարեն։ Պարզվեց, որ մարդիկ, որոնք ունենք մանկահասակ երեխաներ և նրանց ուտելիք է պետք տանել ինքնաթիռի սրահ, ևս պետք է վճարեն։
Մյուս ավիաընկերությունները, որոնք բյուջետային չեն, սովորական ավիաընկերություններ են, այդ գումարի սահմանում ամեն ինչ տրամադրում են իրենց ուղևորին, 10 կիլոգրամ բեռի փոխարեն 20 կիլոգրամ են տրամադրում, 7-10 կիլոգրամ ձեռքի բեռ են թույլ տալիս ներս տանել, թույլ են տալիս երեխեքի ուտելիքը ներս տանել, տրամադրում են հյութ և ուտելիք հենց թռիչքի ընթացքում։ Այս բոլորը «Պոբեդա» ընկերությունը չի տրամադրում, բայց գները պակաս չեն, քան մյուս ավիաընկերություններինը։ Ինձ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հետաքրքրում է, թե ի՞նչ է ձեռնարկում ՀՀ կառավարությունը, կոնկրետ Արտակ Շաբոյանի գլխավորած հանձնաժողովը, որը զբաղվում է մոնոպոլիստների կողմից իրենց դիրքերի չարաշահման դեմ պայքարով, ի՞նչ է անում, որպեսզի «Պոբեդան» չչարաշահի իր մենաշնորհը»,-ասում է Գագիկ Համբարյանը։