Օգնում է ինչով կարողանում է եւ նույնիսկ ավելին
Մի քանի օր է ինչ Սարի թաղում խոսում են մի մարդու մասին, որը սուսուփուս մտնում է մարդկանց տները, մթերքներով ծանրաբեռնված տոպրակը թողնում, շնորհավորում Սուրբ Զատիկը եւ դուրս գալիս:
Պարզվեց, որ այդ մարդը սարիթաղցի Մելիքսեթ Ալեքյանն է: Որոշել է համավարակի այս օրերին օգնել առավել կարիքավոր սարիթաղցիներին: Հետաքրքրվել է, «Հայփոստի» աշխատակիցներից ճշտել առավել կարիքավորների անունները եւ հասցեները, տոպրակները լցրել առաջին անհրաժեշտության մթերքներով եւ գինով եւ սկսել բաժանել:
Նա մեծահարուստ չէ, խոշոր գործարար չէ, բայց որոշել է այս իրավիճակում օգնել ինչով կարող է: Մեզ հետ զրուցելու ցանկություն առանձնապես չուներ: Միայն ասաց, որ անում է ինչ կարողանում է, հնարավորության դեպքում կանի ավելին:
Տոպրակներում ամենաքիչը կլիներ մոտ քսան հազար դրամի մթերք եւ գինի: Այսպես մոտ երեք տասնյակ տոպրակ, որոնք հենց ինքն էլ բաժանում է:
Սարի թաղում իր իսկ ուժերով խաչ է տեղադրել, լուսավորել, հենց հարեւանությամբ էլ սկսել փոքրիկ մատուռի կառուցումը: «Չգիտեի, որ իմ արածը ձեզ կհասցնեն»,- ասում է նա եւ անդադար շեշտում, որ ի՞նչ է արել որ հետաքրքրվում ենք:
«Ժողովրդի վիճակը վատ է: Մեծ մասն օրավարձով աշխատողներ են, հիմա անգործ նստած են: Ես իմ ավտոմեքենան եմ վաճառել, որ օգնեմ մարդկանց, բայց դե բոլորին չեմ կարող: Միայն երեսուն կարիքավոր չկա մեր թաղում, շատ են, բայց բոլորին չեմ հասցնի օգնել»,- ասում է Մելիքսեթը:
Top-News.am