Ռուսաստանում նախազգուշացրել են ապրանքների մինչև 20 տոկոս թանկացման մասին. «Իզվեստիա»
ՌԴ առևտրային ցանցերում ապրանքները կարող են թանկանալ 15-20 տոկոսով։ Այս մասին հայտնում է Известия-ն՝ վկայակոչելով «Ռուսպրոդսոյուզի» գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովին։
Նման իրավիճակ կարող է առաջանալ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, քանի որ խոշորագույն մատակարարները մտադիր են վերանայել որոշ ապրանքների գները կորոնավիրուսի համաճարակի և արժութային տատանումների ֆոնին, նշել է նա։
Մասնավորապես, 20 տոկոսով թանկացումը հնարավոր է թեյի, սուրճի, կակաոյի և պահածոյացված արտադրանքի մի մասի համար, քանի որ այդ ներմուծվող ապրանքների գները սերտորեն կապված են դոլարի փոխարժեքի հետ:
Մակարոնեղենը կթանկանա 5-15 տոկոսով, իսկ տրանսպորտային ընկերությունների ծախսերի ավելացման պատճառով կավելանան նաև հացի և այլ ապրանքների գները, որոնց արտադրության ժամանակ ալյուր և հացահատիկ են օգտագործում:
Վոստրիկովի խոսքով՝ արտադրողներն արդեն ծանուցել են մանրավաճառներին գնային փոփոխությունների մասին և առաջարկել են գները կտրուկ բարձրացնելու փոխարեն բարձրացնել երկու փուլով՝ աստիճանաբար։