Ինչպես խուսափել Հայաստանի բանտերում կորոնավիրուսի բռնկումից. «Ռեգնում»-ի անդրադարձը
Ապրիլի 2-ին տհաճ նորություններ են ստացվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից այն մասին, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի 5 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով, գրում է regnum.ru կայքը «Ինչպես խուսափել Հայաստանի բանտերում կորոնավիրուսի բռնկումից» վերտառությամբ ուշագրավ հոդվածում:
«Չնայած այն պաշտոնական տեղեկությանը, որ վարակվածները շփում չեն ունեցել բանտարկյալների հետ և արդեն մեկուսացվել են, սա միևնույն է արդեն «ահազանգ» է: Առաջին հերթին նրանք կարող էին վարակել նաև այլ աշխատակիցների, իսկ նրանք, իրենց հերթին, արդեն անպայման կվարակեն կալանավորներին, և երկրորդ, սա հավանաբար վերջին դեպքը չէ: Պետք չէ բացատրել, թե ինչ արագությամբ կտարածվի վարակը մարդաշատ բանտերում և քննչական մեկուսարաններում: Ի՞նչ անել»,-հարց է հղում հեղինակը՝ բերելով ԱՄՆ-ի, Գերմանիայի, Բահրեյնի, Հնդկաստանի և մի շարք այլ երկրների օրինակները, որտեղ կորոնավիրուսի համավարակի ֆոնին բանտերի ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար առաջարկվում է ազատ արձակել թեթև հանցանք կատարած անձանց և նրանց, ովքեր արդեն բանտում անցկացրել են ազատազրկման ժամկետի մեծ մասը:
«Հայաստանում և այլ երկրներում ստեղծված իրավիճակը հանգեցնում է մարդու իրավունքների լուրջ խախտումների, երբ խոսքը վերաբերում է քննության մեջ գտնվող և դեռևս չդատապարտված անձանց (նրանցից ոմանք հետագայում արդարացվելու են): Նրանք հիմա այլևս հնարավորություն չունեն ծանրոցներ ստանալ (սննդի և ամենօրյա պարագաների տեսքով) և ստիպված են սնվել քննչական մեկուսարանների անորակ սննդով, իրավունք չունեն հանդիպել հարազատների հետ, ենթակա են վարակման բարձր ռիսկի: Եվ այս ամենն այն պարագայում, երբ Հայաստանում (ինչպես և հետխորհրդային բոլոր երկրներում) դեռևս ոչ մի բանում մեղավոր չճանաչված մարդկանց պահելու պայմանները երբեք մոտ չեն եղել ադեկվատ լինելուն»,-գրում է հեղինակը՝ եզրակացնելով, որ Հայաստանին նույնպես անհրաժեշտ է ազատազրկման վայրերի մարդաթափում իրականացնել:
Ըստ հոդվածագրի՝ երկրում անկարգությունների առաջացումն ու հանցագործությունների մակարդակի բարձրացումը կանխելու նպատակով պետք է հստակ տարանջատել մարդկանց այն հատվածը, որին կարելի է համաներում շնորհել կամ ժամանակավորապես մեկուսացնել տանը: Օրինակ՝ 65-70 տարեկան մարդիկ, որոնք գտնվում են վարակվելու ռիսկային գոտում, այլևս դժվար թե կարողանան վտանգ ներկայացնել շրջապատի համար: Ազատվել կարող են նաև տնտեսական հանցագործությունների և այլ մանր հանցագործությունների համար դատապարտվածները, եթե նրանք որոշակի ժամանակահատված արդեն անցկացրել են բանտում:
«Ամեն դեպքում այս քայլերն անհրաժեշտ էր ձեռնարկել դեռ երեկ, սակայն առայժմ դեռ ուշ չէ վարակի զանգվածային բռնկման ռիսկները նվազեցնելու համար»,-եզրափակել է հեղինակը՝ ընդգծելով, որ ազատազրկման մասին դատավճիռը մարդու համար չպետք է մահավճիռ դառնա: