Նպատակ եւ ուղղություն չունեցող ժողովուրդ եւ պետություն
Վատ է, շատ վատ է: Ասում ենք, ոչ թե որ չենք ուզում լավը տեսնել, ոչ թե հոռետես ենք, այլ պարզապես շատ ենք սիրում մեր երկիրը եւ չենք ցանկանում, որ այն մնա եւ փթթի ճահճի ամենախորքում, որում հայտնվել ենք արդեն վաղուց:
Անարդարություն, անտարբերություն, բարոյալքում, մակարդակի անկում բոլոր ոլորտներում: Թվարկումը կարող ենք անվերջ շարունակել, բայց ամենավատն ու սարսափելին այն է, որ մեր պետությունը ուղղություն եւ նպատակ չունի: Ի՞նչ ենք ուզում, ո՞ւր ենք գնում: Այս հարցերը պատասխան չունեն։
Մենք լավ գիտենք, թե ինչ է լինում այն նավի հետ, որի նավապետը, անձնակազմը թքած ունեն, թե որ կողմ կգնա նավը կամ պատկերացում անգամ չունեն, թե ուր եւ ինչ նպատակով են ուզում ընթանալ:
Եթե մենք մեզ համեմատենք հետխորհրդային երկրների հետ, ապա սարսափելի պատկեր կստանանք: Մերձբալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան հստակ ընտրեցին իրենց ուղղությունը դեպի Եվրոպա դեռ 1989-ին եւ հաջողությամբ հասան նավահանգիստ:
Ուկրաինան երկար դեգերումներից հետո ընտրեց նույն ճանապարհը: Կորուստներով, ցնցումներով, բայց նրանք ընտրել են ուղղություն եւ շարժվում են: Հինգ կամ տասը տարի հետո Ուկրաինան կմոտենա Լեհաստանին կամ Սլովակիային զարգացման եւ բարեկեցության մակարդակով:
Աղքատ եւ փոքրիկ Մոլդովան ընտրել է եվրոպական ուղղությունը: Մոլդովացիները գիտեն, թե ուր են գնում: Բելառուսը եւս հստակ գիտի իր ուղղությունը:
Վրաստանը կորուստներով, զոհերով, բայց եւս ընտրել է ուղղություն եւ արդեն իսկ շատ մոտ է Եվրոպային:
Ադրբեջանը սուլթանություն է ստեղծում: Նրանք եւս հստակ նպատակ եւ մտադրություն ունեն: Նույնը կարելի է ասել կենտրոնասիական երկրների մասին: Թուրքմենստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը գիտեն, թե ինչ են կառուցում եւ դեպի ուր են շարժվում: Մի փոքր տատանվում է Ղրղզստանը:
Իսկ ի՞նչ ենք ուզում մենք: Փորձեք պատասխանել այս հարցին: Մեկ մենք ուզում ենք հասնել Եվրոպա, հետո կտրուկ շրջադարձ ենք անում եւ փորձում հասնել ԵՏՄ-ի մշուշոտ ափերին: Հետո նորից որոշում ենք միաժամանակ շարժվել դեպի Եվրոպա եւ ԵՏՄ: Հավանաբար միայն մեր ազգի ուղեղում նման փառահեղ միտք կծագի: Միաժամանակ մենք ծովից ծով Հայաստան ենք ուզում, բայց պատրաստ ենք հանձնել յոթ շրջանները, անգամ չիմանալով ինչի դիմաց, բայց հաջորդ օրը մենք այդ շրջաններն էլ չենք հանձնում եւ որոշում ենք ջերմանալ իսլամական աշխարհի հետ:
Եւ մինչ այսպիսի մտորումների մեջ ենք, շարունակվում է խորանալ անարդարությունը, մեր մակարդակն ու կենսամակարդակն ընկնում է, իսկ ժողովրդի որակները կտրուկ անկում են ապրում: Հենց այսպես էլ լինում է աննպատակ, ուղղություն եւ կողմնորոշում չունեցող նավերի եւ պետությունների հետ:
Top-News.am