The Guardian-ը պատմել է՝ ինչպես է Zoom-ն օգտագործում մարդկանց տվյալները
Դեռ մի քանի ամիս առաջ Zoom-ը հեռավար հաղորդակցման «տաղտկալի» ծառայություն էր, որի մասին շատ քչերը գիտեին: Սակայն այժմ նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով համընդհանուր սահմանված կարանտինային ռեժիմի պայմաններում այն դարձել է մարդկանց մեծամասնության առօրյայի անքակտեղի մասը: Մարդիկ տնից աշխատում և շփվում են հենց այս հավելվածի միջոցով:
Միևնույն ժամանակ գնալով ավելանում են այս հարթակում մարդկանց տվյալների ապահովության վերաբերյալ մտահոգությունները, գրում է The Guardian պարբերականը։
Աղբյուրը նշում է, որ շատ օգտատերեր կարծում են, թե ամեն բան ապահով է, քանի որ տնից են աշխատում, սակայն ծրագրային այս ապահովումը հավանաբար շատ ավելի տեղեկություն է մարդկանց մասին հավաքում, քան կարելի է պատկերացնել։
Zoom հավելվածը մարդկանց ուշադրությանը հետևելու գործառույթ ունի, օրինակ՝ խոսակցության «հյուրընկալողը» ծանուցում է ստանում, երբ մասնակիցներից մեկն այլ կայքեր է մտնում։ Ընկերությունն այս գործառույթով ապահովել է կրթական ոլորտի աշխատակիցներին՝ պարզաբանելով, որ սա հրաշալի եղանակ է հասկանալու, թե որ աշակերտներն են առցանց պաարապմունքի ժամանակ դասից շեղվում։
Վերջերս իրականացված հետազոտությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Zoom-ի iOS հավելվածն անալիտիկ տեղեկատվությունն ուղարկում է Facebook-ին՝ անգամ երբ օգտատերը ֆեյսբուքյան օգտահաշիվ չունի։ Տեղեկությունը ներառում է օգտատիրոջ գտնվելու վայրը: Բացի այդ, տրամադրվում է այնպիսի տեղեկություն, որը հետագայում առանձին ընկերություններին հնարավորություն է հասկանալ օգտատերերի հետաքրքրություններն ու նրանց թիրախավորված գովազդներ ուղարկել։
Հայտնի է, որ ուրբաթ Zoom-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դադարեցնում է տեղեկությունները Facebook-ին ուղարկելու պրակտիկան։
«Մեր քաղաքացիական ազատությունները ճգնաժամի պայմաններում ամենախոցելին են: Աշխարհում իշխող կառավարություններն արդեն այս համավարակը կիրառում են բնակիչներին հետևելու սահմանն ընդլայնելու համար: Եթե զգոն չլինենք, մեր անձնակաը կկորի շատ ավելի արագ, քան կհասցնենք ասել «Զում»»,-եզրափակել է պարբերականը: