Եթե Նիկոլ Փաշինյանի խոսքերին հաջորդի գործը, լինեն արդյունավետ բանակցություններ ՌԴ-ի հետ, ապա գազի գնի չթանկանալը կարող է դառնալ իրականություն. ՌԴ պատգամավոր
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Անտոն Մորոզովի կարծիքով` Ռուսաստանի հետ Հայաստանի բանակցությունները` ռուսական գազի գնի իջեցման շուրջ հեռանկարային է: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց` անդրադառնալով հարցին, թե ինչ արդյունք կտան հայկական կողմի բանակցությունները ռուսական կողմի հետ` գազի սակագնի իջեցման շուրջ:
«Մենք Հայաստանին դիտարկում ենք որպես բարեկամ և գործընկեր պետություն: Մենք կողմ ենք ինտեգրացիոն միասնական տնտեսական համակարգին: Եթե դա իրականում լինի, և մենք տեսնենք, որ տնտեսությունները միասին են աշխատում, բավականին ուժեղ փոխկապակցված, իմաստ կունենա արդեն անցնել միասնական էներգետիկ սակագնի մասին քննարկմանը»,-ասաց նա:
Անատոլի Մորոզովի խոսքով` այս հարցերն ընդհանուրի մեջ պետք է դիտարկել, սխալ է այն քաղաքական և տնտեսական օրակարգից առանձնացնելը: «Բայց հարցը շատ հեռանկարային է»,- ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է հայաստանցիներին, որ գազի գինը չի թանկանա, ռուսաստանցի պատգամավորը նշեց.
«Ակնհայտ է, որ այդ հարցը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի բնակչության համար, և կարծում եմ, որ եթե խոսքերին հաջորդի գործը, լինեն արդյունավետ բանակցություններ Ռուսաստանի հետ, ապա դա իրականություն կարող է դառնալ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել էին ներմուծվող գազի գնի հարցը՝ նշելով, որ այն բարձր է և չի համապատասխանում համաշխարհային մակարդակին։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ դիմել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերին՝ գազի գինը Հայաստանի սահմանին նվազեցնելու համար։ Մհեր Գրիգորյանը նաև բարձրացրել է գազի գինն ազգային արժույթով վճարելու հարցը: