ՓՄՁ-ները կարող են ստանալ արտոնյալ վարկեր՝ 36 ամսով, իսկ գյուղատնտեսության ոլորտին կտրվի 0 տոկոսով վարկեր և փոխհատուցում
Էկոնոմիկայի փոխնախարարներ Նաիրա Մարգարյանը և Արման Խոջոյանը կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեցին կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը:
Նաիրա Մարգարյանը նշեց, որ փոքր ու միջին ձեռնարկությունները կառավարության կողմից առաջարկված աջակցության գործիքից՝ արտոնալ վարկից օգտվելու համար հայտադիմումը պետք է լրացնեն բացառապես առցանց տարբերակով։
Նա նշեց, որ կառավարությունն արդեն երրորդ միջոցառումն է ընդունել, որն ուղղված է տնտեսական հետևանքների չեզոքացմանը, փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցմանը:
«Ծրագրից կարող են օգտվել այն ՓՄՁ-ները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության ոլորտներում, որոնց 2019 թվականի շրջանառությունը եղել է 24 մլն-500 մլն դրամի շրջանակում, և 2019 թվականի մեկ եռամսյակի շրջանառությունը ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսից ավել է: ՓՄՁ-ները պետք է անպայման ունենան բարվոք վարկային ու հարկային պատմություն: Այս պայմաններին բավարարող տնտեսավարողները կարող են դիմել ստանալու արտոնյալ վարկեր՝ 36 ամսով տրամադրվող»,-ասաց նա:
Փոխնախարարը պարզաբանեց, որ 24 ամիսների համար վարկը գործում է անտոկոս պայմանով, վերջին երրորդ տարվա համար վարկը գործում է 12 տոկոսով: «Վարկը տրամադրվում է միայն անկանխիկ եղանակով, և կարող է ծախսվել աշխատավարձի, հարկերի, վարձակալության, հումքի, կոմունալ վճարների ուղղությամբ: Առաջին 6 ամսվա համար շահառուն որևէ մարում չի անում»,-ասաց Նաիրա Մարգարյանը և նշեց, որ վաղաժամ մարումներ հնարավոր են: Նա իրազեկեց, որ դիմումը պետք է լրացնել ներդրումների աջակցման կենտրոնի վեբ կայքում՝ isc.am-ում դիմում կոճակը սեղմելով, բոլոր դիմումներն ընդունվում են միայն առցանց:
Փոխնախարարը նշեց, որ ուսումնասիրվել են գրեթե բոլոր այն երկրների փորձերը, որոնք հայտնվել են մեր իրավիճակում, սակայն կաn մեխանիզմներ, որոնք բխում են մեր իրականությունից:
Արման Խոջոյանն ասաց, որ գյուղատնտեսությանը տրվող ծրագրերի համար զրո տոկոս տոկոսադրույք է սահմանվել և արտոնյալ ժամկետ 3-12 ամիս, ինտեսիվ այգիների դեպքում՝ մինչև հինգ տարի:
«Առաջարկվող ծրագրերը երկու տարբերակով են՝ վարկավորում, փոխհատուցման բաղադրիչ: Քաղաքացին վարկի տարբերակից օգտվելու համար դիմում է ֆինանսական կառույցին: Այնուհետև ֆինանսական կառույցը հավանական վարկառուների ցուցակը ներկայացնում է կառավարությանը, նախարարությունն այդ դիմողներին խմբավորում է ըստ թեմաների, նրանց համար կազմակերպում դասընթացներ»,-ասաց նա և նշեց, որ այդ դասընթացները կազմակերպվում են հեռակա: Դասընթացին ավարտին տրվում է հավաստագիր:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ առաջարկվում է նաև փոխհատուցման տարբերակ: «Օրինակ, ջերմոցային տնտեսությունների կառուցման, խելացի անասնաշենքների կառուցման, ինտենսիվ այգիների կառուցման, ոռոգման համակարգերի ներդրման համար առաջարկվում են փոխհատուցման տարբերակներ: Յուրաքանչյուրի համար սահմանված են տարբեր տոկոսներ»,-ասաց նա և նշեց, որ բոլոր այն մարդիկ, որոնք կցանկանան օգտվել փոխհատուցման բաղադրիչից, պետք է անցնեն 5-օրյա դասընթաց:
Արման Խոջոյանը նշեց, որ վերահսկողություն է իրականացվում: «Մոնիտորինգ է իրականացվում, և բանկերը ներկայացնում են վարկավորված վարկառուների ցանկը և պատահականության սկզբունքով այցեր ենք կատարում»,-ասաց նա և նշեց, որ եթե պարզվում է, որ դրամական միջոցները նպատակային չեն օգտագործվել, ապա երկու պատասխանատվություն է սահմանվում: