«Ալո, Փաշինյանն է զանգում, ի՞նչ կա»
Հայաստան, 29.06.2020 թվական: Փաշինյանը զանգահարում է ՀՀ քաղաքացիներին:
- Ալո, ո՞նց եք, Փաշինյանն է, լա՞վ եք:
- Շատ լավ ենք, պարապ տանը նստած:
- Բա ինչո՞ւ դաշտերում չեք, ինչո՞ւ հող չեք մշակում: Հիշո՞ւմ եք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը կոչ արեց նետվել դաշտերը եւ անմշակ հող չթողնել:
- Հիշում ենք, բայց մենք հող չունենք:
- Ինչո՞ւ:
- Մենք Հրազդանում ենք ապրում, ավելի ճիշտ գոյատեւում...
Փաշինյանն անջատում է հեռախոսը եւ մի քանի համար հավաքելուց հետո դիմում օգնականին. «Էս ինչո՞ւ է, ում զանգում եմ լսում եմ՝ բաժանորդի հեռախոսն անջատված է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս»: Օգնականը մի փոքր դադար է բռնում, ապա խիզախություն հավաքում եւ պատասխանում.
- Մարդիկ փող չունեն վճարումների համար, եւ հեռախոսահամարներն անջատվել են:
- Ուզում ես ասել, որ մենք պետք է բոլորի հեռախոսների համար վճարենք: Դե բեր միանգամից մարդ ա մի տասը հազար բաժանենք,- զայրացած ասում է Փաշինյանը եւ այդ պահին վերջապես հաջողվում միանալ բաժանորդներից մեկին:
- Ալո, բարեւ ձեզ, ո՞նց եք:
- Ոնց պիտի լինենք: Անգործ տանը նստած ենք:
- Իսկ ինչու եք անգործ: Ինչու չեք աշխատում:
- Դե ես հիվանդ մորս եմ խնամում, ամուսինս արդեն հինգ ամիս է իր հաշվին արձակուրդում է: Նոր գործ չի գտնում: Մորս թոշակով ենք յոլա գնում:
- Իսկ ինչու չեք գնում դաշտեր: Ի վերջո կանաչը դուրս է եկել:
- Գնում ենք, բայց հավաքողներն այնքան շատ են, մեզ բաժին չի հասնում:
****
- Ալլո, բարեւ ձեզ, Փաշինյանն է:
- Բարեւ ձեզ:
- Լա՞վ եք, ո՞նց է գործերի ընթացքը:
- Ի՞նչ գործ: Փող չկար սերմ առնեի դաշտերը ցանեի: Պետությունն օգնություն չտրամադրեց, բանկերը՝ վարկ, ասացին հիմա չենք տալիս, խոպանի ճանապարհն էլ փակ էր:
- Իսկ ո՞նց եք յոլա գնում:
- Չենք գնում: Մի կով ունենք, դրանով մի կերպ ապրում ենք:
***
- Բարեւ ձեզ, լավ եք, չէ՞:
- Բարեւ ձեզ, ինչի վրա լավ լինենք:
- Իսկ ինչո՞ւ չեք աշխատում:
- Աշխատում էի ռեստորանում, բայց փակեցին, հետո ուզում էին աշխատեցնել, բայց չստացվեց: Մենք էլ մնացինք առանց գործ: Բանկերն էլ վարկեր չեն տալիս:
- Բա ո՞նց եք դիմանում:
- Ասում եմ չենք դիմանում:
****
- Բարեւ ձեզ:
- Աստծո բարին:
- Տեսնում եմ՝ դուք լավ եք:
- Իհարկե, լավ եմ:
- Վա՜յ, Սամվել, դո՞ւ ես: Մեխանիկորեն քեզ զանգեցի: Լավ, առայժմ:
***
- Բարեւ ձեզ, Փաշինյանն է: Ինչպե՞ս եք:
- Ոնց պիտի լինենք: Բանկերը վարկերն են պահանջում: Մենք էլ այնքան չաշխատեցինք փող չունենք, որ անգամ օրվա հացի հարցը լուծենք: Ուզում էի տաքսի քշել, պարզվեց՝ բոլորն են տաքսի քշում, բայց տաքսի նստող չկա: Շատ աշխատատեղեր փակվել են, մարդիկ գործազուրկ են դարձել: Ո՞վ է պատասխան տալու առանց հիմնավորման այդքան ձեռնարկություն, օբյեկտ փակելու համար: Հիմա կրկին աշխատելը դժվար է՝ անհնար:
- Փոխարենը հիմա մենք համաշխարհային տնտեսության մեկ տոկոսն ենք զբաղեցնելու...
- Ձեզ հաջողություն...
Փաշինյանը զայրացած նայեց շուրջ, բայց ոչ-ոք չկար: Այդ պահին անծանոթ համարից զանգ ստացավ:
- Ալո:
- Բարեւ ձեզ, պարոն Փաշինյան դո՞ւք եք:
- Իսկ ո՞վ է հարցնում:
- Գործազուրկ մի քաղաքացի: Մի երկու հարց ունեմ:
- Գիտե՞ք, Փաշինյանը չի, իր վարորդն է, Արմանը, Փաշինյանը ռայոն ա գնացել...
Top-News.am-ի հումորի բաժին