Իջեւանում անտրամաբանական խոշորացում է տեղի ունենում
Հայաստանի Ազգային ժողովը մարտի 25-ին առաջին ընթերցմամբ հաստատել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Փոփոխություններին աջակցել է 85 պատգամավոր, դեմ է արտահայտվել 21 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 10-ը:
Օրենսդրական այս նախաձեռնության էությունը կայանում է նրանում, որ Հայաստանի Տավուշի մարզում նախատեսում են մեկ համայնքում միավորել 19 գյուղ եւ Իջեւան քաղաքը:
Ավելի պարզ ասած, Իջեւանի մեջ միավորվում են նախկին Իջեւանի շրջանի գյուղերը, բացառությամբ Դիլիջանի ենթաշրջանի: Առանց տնտեսական հիմնավորման կայացվել է, մեղմ ասած, անտրամաբանական որոշում, որի հետեւանքները ծանր են լինելու բազմաթիվ համայնքների համար:
Գրեթե Իջեւանի բնակչության չափ բնակչություն ունեցող Աչաջուրը կորցնում է իր ինքնուրույնությունը: Նույնը կարելի է ասել մի քանի այլ գյուղերի մասին: Բացի այդ, համայնքի կարգավիճակը կարցնում են սահմանային գյուղերը, փոխանակ նրանց այլ կարգավիճակ տրվեր, որը կնպաստեր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը եւ գյուղացիների կենսամակարդակի աճին:
Իսկ այսպես, միայն խոստումներ են հնչում, որ միավորման արդյունքում կշահեն փոքրիկ համայնքները, բայց խոշորացման առկա օրինակները վկայում են, որ փոքրիկ համայնքները ոչնչով չեն շահում, ընդհակառակը՝ մղվում են ավելի հետին պլան: Ավելին, մեծ է վտանգը, որ այդ նույն համայնքների հողատարածքները կոտարվեն անկախ այդ գյուղի, բնակավայրի բնակչության ցանկության:
Ստացվում է, թե ճիշտ են այն խոսակցությունները, որ այս ամենն արվում է ընդամենը մեկ նպատակի համար՝ Նիկոլ Փաշինյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Հայկ Ղալումյանին դարձնել խոշորացված Իջեւանի ղեկավար:
Ավելին, ընտրությունը կայանալու է համամասնական սկզբունքով եւ ոչ ուղղակի ընտրությամբ: Սրա նպատակը եւս մեկն է՝ Հայկ Ղալումյանի ընտրությունն ավելի հանդարտ եւ հեշտ իրականացել:
Իջեւանում վերականգնվում է ռայկոմը, ասում են իջեւանցիները եւ ձեռքերը թափ տալով անցնում, իսկ ոմանք ասում, թե այս ամենի սկիզբը քաղաք կարմիրբերետավորներ մտցնելն էր:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am