ԵԱՀԿ ներկայացուցիչը Թուրքիայում լրագրողների ձերբակալության վերջին դեպքերի առնչությամբ մտահոգություն է հայտնել
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրը մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրագրողների ձերբակալության վերջին դեպքերի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է demokrathaber.org կայքը:
Խոսքը Թուրքիայում գործունեություն ծավալող շրջանային Halk («Ժողովուրդ») և Pusula («Կողմնացույց») թերթերի 7 լրագրողների, այդ թվում` Pusula-ի սեփականատեր Մուսթաֆա Ահմեթ Օքթայի մասին է, որոնք ձերբակալվել են կորոնավիրուսի թեմայով տեղեկություններ լուսաբանելու համար:
«Ճգնաժամային իրավիճակում լրատվամիջոցները կարևոր դեր են խաղում: Նրանք կարևոր տեղեկություններ են հաղորդում հանրությանը, պայքարում են կեղծ լուրերի տարածման դեմ և համավարակի վերաբերյալ օգտակար տեղեկություններ հրապարակում»,- թեմայի շուրջ իր խոսքում նշել է Դեսիրը:
Նա նաև տեղեկացրել է ԵԱՀԿ անդամ երկրներին, որ իրականացվող միջոցառումները պետք է լինեն համաչափ և զերծ խտրականությունից:
Հաղորդվում է, որ Թուրքիայում ձերբակալված տվյալ լրագրողներն արդեն ազատ են արձակվել: