Սեփական վախերի և անվստահության բեռը ԶԼՄ-ների վրա բարդել չի կարելի
«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել և անդրադարձել ԱԺ-ի կողմից ընդունվող Արտակարգ դրության ժամանակ մեկուսացման պահանջները խախտելու վերաբերյալ օրենսդրական կարգավորմանը և մի քանի դիտարկում կատարել։ Արփինե Հովհաննիսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ինչպես գիտեք, ԱԺ վաղը երկորդ ընթեցմամբ կնախատեսի պատասխանատվություն այն բոլոր անձանց համար, ովքեր կխախտեն ինքնամեկուսացման կամ մեկուսացման պահանջները` սահմանելով ընդհուպ մինչև հինգ տարվա ազատազրկում: Բացի այդ ԶԼՄ-ների, ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար նախատեսվում են սահմանափակումներ արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկատվության հրապարակման և տարածման համար: Այս կապակցությամբ երկու դիտարկում`
1. Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չափազանց հազվադեպ է (ըստ մեր ուսումնասիրության միայն Լատվիան), որ սահմանվում է քրեական պատասխանատվություն հենց արտակարգ դրության ռեժիմի խախտման համար: Որպես կանոն, քրեական օրենսգրքերը սահմանում են ավելի համակարգային լուծումներ` օրինակ վարակիչ հիվանդությունների կանխարգելման պահանջների խախտման համար: Կարծում եմ` միջազգային փորձի ուսումնասիրությունը օգտակար կլինի, եթե կառավարությունը հատվածական լուծումների փոխարեն ցանկանում է ունենալ ամբողջական լուծումներ:
Չի կարելի մարդկանց դատապարտել ազատազրկման անորոշ ու կիսատ-պռատ կանոնների խախտման համար։
2. Սեփական վախերի և անվստահության բեռը զանգվածային լրատվության միջոցների վրա բարդել չի կարելի։ Բավական է ուսումնասիրել այլ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմերի սահմանափակումները, որպեսզի պարզ դառնա, թե խոսքի ազատության պաշտպանության առումով ինչպիսի նահանջ ենք գրանցում:
Խուճապի դեմ պայքարը զլմ-ների անհամաչափ արգելքներ սահմանելով` ավելի մեծ խուճապի հիմք է, քանի որ որոշ ժամանակից սկսած քաղաքացիների մոտ ձևավորվելու են կասկածներ, որ կառավարությունը« դրակոնյան կանոններով» փորձում է իրենից թաքցնել կարևոր տեղեկատվություն, մինչդեռ խուճապի չմատնվելու համար ամենաէական պայմաններից է քաղաքացիների վստահությունը կառավարության հանդեպ:
Ուսումնասիրությունը՝ մեր ՀԿ էջում, ինչպես նաև մեկնաբանության մեջ»։