Ով մատնիչ չէ՝ քյառթո՞ւ է
ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը, որը ելույթ ունեցավ եւ իր մտահոգությունները հայտնեց անանուն ազդարարի ինստիտուտի ներդրման վերաբերյալ, դարձավ քննադատության առարկա:
Եթե մի կողմ դնենք նրա ելույթի «հայկականությունը» եւ հռետորական տաղանդի բացակայությունը, ապա նա շատ լուրջ հարցեր էր բարձրացնում: Առանց այն էլ երկրում բարոյահոգեբանական վիճակը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց: Առանց այն էլ հիմնարկներում, հատկապես, այսպես կոչված, պետական հիմնարկներում միմյանց հետ աշխատակիցների փոխհարաբերությունները, մեղմ ասած, շատ մեղմ ասած՝ լարված են:
Եւ հիմա, ներդնելով այս ինստիտուտը, պատկերն ավելի ծանր եւ տխուր է լինելու: Բոլորը կասկածելու են բոլորին, իսկ հայկական իրականությունում դա անչափ ծանր հետեւանքներ է ունենալու: Լինենք անկեղծ, երբ կոռուպցիայի դեմ համապատասխան մարմինները հարկ եղած ձեւով չեն պայքարում, այս ինստիտուտի ներդրումը՝ անանուն ազդարարի ինստիտուտի ներդրումը այլ նպատակների է ծառայելու, բայց ոչ կոռուպցիայի դեմ պայքարին:
Այս իրավիճակում, ցավոք, լրագրողները, բլոգերները սկսել են ծաղրել Անդրանիկ Կարապետյանին, որն այն եզակի պատգամավորն էր, որը համարձակվեց դեմ արտահայտվել ներկայացված օրինագծին: Իսկ ճիշտն այն կլիներ, եթե լրագրողները իրոք փորձեին հասկանալ այս նախաձեռնության հետեւանքները, եւ ոչ թե քյառթու անվանեին Անդրանիկ Կարապետյանին, եւ բոլոր նրանց, ովքեր դեմ են այս նախաձեռնությանը:
Ներկաներից այդ օրինագծի օգտին երեկ չի քվեարկել նաեւ ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը։ Իսկ օրինագիծն ընդունվեց 88 կողմ, առանց դեմ եւ ձեռնպահ ձայների։
Սա էլ մեր խորհրդարանի իրական պատկերը: Հենց սրա մասին գրեք սիրելի եւ ոչ քյառթու պատգամավորներ:
Ի դեպ, նույն լրագրողների վկայությամբ, «քյառթու», բայց վախկոտ պատգամավորները քվեարկությունից հետո միջանցքներում փնթփնթում էին, թե վերադառնում ենք 37 թիվ՝ խրախուսվում են «կլյաուզնիկները»։
Վարդան Մխիթարյան
Top-News.am