Մենք կաստայացվու՞մ ենք։ Տխուր է, որ վարչապետի աշխատակազմը հակված էր անօրինականության
«Մենք կաստայացվու՞մ ենք
Տխուր է, որ վարչապետի աշխատակազմը հակված էր անօրինականության՝ թաքցնել պետական ծառայողների պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի» նշագրում պարունակող որոշումը: Տխուր է, որ առհասարակ այդպիսի մի որոշում կարող է «գաղտնի» նշագրում պարունակել:
Հիշեցնեմ, որ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի Հոդված 2-ով՝ «Պետական և ծառայողական գաղտնիք հասկացությունը» հետևյալն է.
Պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար:
Ծառայողական գաղտնիքը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել ՀՀ անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը:
Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համարվում են ՀՀ սեփականությունն ու պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:
Պետական ծառայողների վճարներն այս ցանկից որի՞ն են համապատասխանում՝ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների գաղտնի տեղեկություննե՞ր են: Հիմա ստացվում է այնպես, որ Գաղտնի նշագրմամբ պարգևատրում ստացող պետական ծառայողները բոլորը միասին կամ նրանցից յուրաքանչյուրը առանձին-առանձին պարգևատրում ստանալու փաստով ՀՀ անվտանգության համար ծանր հետևանքներ առաջացնող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի մեջ են ներառվում: Այստեղի՞ց չի բխում, արդյոք, որ նրանց ճամփորդությունները պիտի սահմանափակվեն:
Ծանր, շատ ծանր է պարգևավճարումների փաստով պետական ծառայողական գաղտնիքով փոխկապակցված անձանց վիճակը: Այդ վիճակում հայտնված մարդկանց մխիթարելու համար, հավանաբար, պետք է սպասել, որ առաջիկայում ունենալու ենք պետական ծառայողներին սպասարկող ուտելիքի, հագուստի, կահավորանքի գաղտնի պահեստներ, գաղտնի խանութներ, գաղտնի ավիափոխադրումներ, գաղտնի հաշվապահություն ևն: Հենց այսպես էլ կաստայացվում են հասարակությունները»:
Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան էջից