Հանրաքվեն պետք է չեղարկվի, քարոզարշավի համար հավաքած գումարները պետք է վերադարձնեն գործարարներին. Ստեփան Դանիելյան
Երկրորդ կարծիք չկա, հանրաքվեն պետք է չեղարկվի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեին:
«Հանրաքվեի չեղարկումը նաև ինչ-որ տեղ շանս է իշխանությունների համար այդ հակասահմանադրական նախաձեռնությունից խույս տալու համար: Մյուս կողմից, շատ ծանր պատասխանատվության տակ չեն մտնի, եթե վարակը վատ հետևանքներ ունենա»,- ասաց քաղաքագետը:
Ստեփան Դանիելյանը նկատեց, որ իշխանությունները տարվելով քարոզարշավով` սկզբնական շրջանում վարակի տարածման նկատմամբ ունեին անլուրջ և անպատասխանատու վերաբերմունք և դա իրենք չէին թաքցնում։ «Գուցե նաև մտածելու ժամանակ չունեին այդպիսի «աննշան» հարցի մասին։ Իսկ քարոզարշավի համար հավաքած գումարները պետք է վերադարձնեն գործարարներին։ Եթե չանեն, դա կլինի կառուպցիայի դրսևորում՝ հավաքած գումարների ոչ նպատակային ծախսում»,- նշեց նա:
Ինչ վերբերում է ընդդիմության կոչերին հետևելուն, վարակի դեմ պայքարի հարցում համագործակցելուն, քաղաքագետն ասաց. «Դա իշխանությունների պրոբլեմն է։ Չեն ընդունի, կկրեն պատասխանատվություն հնարավոր հետևանքների համար»:
Նա նշեց, որ եթե հանրաքվեն չեղարկվի, ապա դա կլինի Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունը, բայց դա իր խնդիրն է։ «Արտառոց այլ բան չի լինի։ Քաղաքական կյանքը բնականոն հունով կշարունակվի»,- ասաց նա և նշեց, որ Սահմանադրական դատարանի կազմը փոխելը Նիկոլ Փաշինանի իրավասությունների մեջ չի մտնում։ «Նման քայլերի համար ՔՕ հոդվածներ կան։ Կշարունակի նման քայլերը, թե ոչ, պետք է իրեն հարցնել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացնում է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների և տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետների նախապես հայտարարված դասընթացների օրերը տեղափոխվում են։ Դասընթացները պետք է մեկնարկեին մարտի 15-ից: