Ինչու՞ են մարդիկ ուզում քայլել հեռախոսով խոսելիս
Մարդիկ հեռախոսով խոսելիս հաճախ ուզում են քայլել: Սա, ինչպես պարզել են ֆրանսիացի հետազոտողները, մեր ֆիզիոլոգիայով պայմանավորված ցանկություն է, որը բացարձակապես նորմալ է, հաղորդում է Planet-Today-ը:
Կարելի է միայն ուրախանալ, որ բջջային հեռախոսների հայտնվելուց հետո մարդիկ հնարավորություն ունեցան քայլել հեռախոսով խոսելիս: Ավելի վաղ` լարով հեռախոսների դարաշրջանում, այս հարցում որոշակի դժվարություններ էին առաջանում: Լիլի համալսարանի գիտնականները նշում են, որ զրույցի ընթացքում ֆիզիկական ակտիվության ժայթքումը նորմալ երեւույթ է, որն օգնում է բարձրացնել արյան մատակարարումն ուղեղին եւ խթանում է մտավոր գործունեությունը:
«Մարդու օրգանիզմն այնպես է կառուցված, որ ուղեղին արյան մատակարարման ինտենսիվությունը, որից կախված է մեր մտավոր օրգանի գործունեությունը, ուղղակիորեն կապված է օրգանիզմի ընդհանուր ֆիզիկական ակտիվության հետ: Համապատասխանաբար, եթե ուզում եք ստիպել ուղեղին ավելի արդյունավետ աշխատել, ապա անհրաժեշտ է ապահովել այն արյան ներհոսքով: Եվ քայլելը կատարյալ միջոց է դրա համար: Իհարկե, մենք դա անում ենք առանց մտածելու. հավանաբար, էվոլյուցիայի ընթացում մարդկանց մոտ ինչ-որ հատուկ ֆիզիոլոգիական մեխանիզմ է մշակվել, որը նրանց ստիպում է քայլել մտավոր սթրեսի ժամանակ»,- ասում է ուսումնասիրության գլխավոր հեղինակ Մարիոն Լույաթը:
Գիտնականները հավելում են, որ հեռախոսով խոսելիս քայլել հատկապես ցանկալի է այն դեպքերում, երբ խոսքը զրույցների մասին է, որոնք հոգեբանական անհանգստություն են առաջացնում, եւ, օրինակ, սուտ խոսելու անհրաժեշտություն են ենթադրում: Ֆիզիկական ակտիվությունը նման դեպքերում, իսկապես, օգնում է հաղթահարել սթրեսը: