Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի նամակագրությունն առաջին անգամ կներկայացվի հանրությանը
Ռուսաստանի Դաշնության պետական արխիվն ապրիլի 23-ին կբացի «Ստալին, Չերչիլ, Ռուզվելտ. Համատեղ պայքար նացիզմի դեմ» խորագրով ցուցադրությունը: Այս մասին «ՏԱՍՍ» գործակալության թղթակցին հայտնել է ՌԴ պետական արխիվի գիտական ղեկավար, պատմաբան Սերգեյ Միրոնենկոն։
«Հաղթանակի 75-ամյա հոբելյանի առթիվ մենք կազմակերպում ենք «Ստալին, Չերչիլ, Ռուզվելտ. Համատեղ պայքար նացիզմի դեմ» ցուցահանդեսը: Շեշտը դրվելու է ֆաշիստական սպառնալիքի և Հիտլերի դեմ պայքարում երեք մեծ տերությունների համատեղ ջանքերի վրա: Մենք ցույց կտանք, որ, չնայած բոլոր գաղափարական, տնտեսական, քաղաքական տարաձայնություններին, երեք տերությունների առաջնորդները կարողացել են պայմանավորվել և համատեղ ջանքերով հաղթել այդ հսկայական սպառնալիքը», - պատմել է Միրոնենկոն:
Նրա խոսքով ՝ ցուցադրությունը կներառի բազմաթիվ նոր փաստաթղթեր։
«Առաջին անգամ կցուցադրվի Իոսիֆ Ստալինի, Ուինսթոն Չերչիլի եւ Ֆրանկլին Ռուզվելտի նամակագրությունը, որոնց նամակների բնօրինակները պահվում են ՌԴ ԱԳՆ արխիվում», - հայտնել է նա:
Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ Չերչիլը երկու անգամ եղել է Մոսկվայում: Նրանք Ստալինի հետ հանդիպել են Թեհրանի (1943 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր) և Յալթայի (1945 թվականի փետրվար) համաժողովներում: Բացի այդ, նրանք գտնվել են մշտական անձնական նամակագրության մեջ։ Ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում մեծ դերակատարում է ունեցել նաև ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը: