Քարոզելու ենք ակտիվ բոյկոտ, հակասահմանադրական հանրաքվեն պետք է բոյկոտեն ՀՀ քաղաքացիները. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
Մենք միաբան ենք այն բոլոր փաստաբանների հետ, որոնք ներգրավված են «ՈՉ»-ի շտաբում, և կարծում ենք, որ այս հանրաքվեն հակասահմանադրական է, այն ապագայի դեմ ուղղված գործողություն է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Նա ընդգծեց, որ գալու է ժամանակ, երբ այս հակասահմանադրական հանրաքվեն նախաձեռնողները տալու են պատասխան, երկիրը հակասահմանադրական ճանապարհով տանողները պատասխանատվության են ենթարկվելու:
«Մենք որոշել ենք, որ այս ընթացքում քարոզելու ենք ակտիվ բոյկոտ, իրականում հակասահմանադրական հանրաքվեն պետք է բոյկոտվի ՀՀ քաղաքացիների կողմից: ՀՀ ապագայով մտահոգ իրական քաղաքացիները, ՀՀ սահմանադրականության, մեր երկրի պետականության կողմնակիցները ուղղակի պարտավոր են ակտիվ բոյկոտի մեթոդով չգնալ տեղամասեր և չնպաստել, որ այս հակասահմանադրական հանրաքվեն ստանա համապատասխան ձայներ, և ՀՀ-ում սահմանադրական կարգը հերթական անգամ տապալվի»,- ասաց նա:
Սամսոնյանն ընդգծեց, որ ակտիվ օգտագործելու են «ՈՉ» քարոզչական կողմի ունեցած հնարավորությունները և շատ շուտով Երևանի և մարզերի փողոցներում քաղաքացիները կտեսնեն պաստառներ, որոնք կվերաբերեն բացառապես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «ՈՉ» ասելուն, և այդ «ՈՉ»-երի մեջ կլինեն մարդկանց հայտնի կոչեր:
Նա նաև տեղեկացրեց, որ իրենք վերահսկելու են ընտրատեղամասերում, դիտորդներ են ներգրավելու, քանի որ համոզված են՝ վարչապետն առանց կեղծիքի չի կարող անցկացնել հանրաքվեն: Նա կոչ արեց մարդկանց, եթե ունեն տեղեկություններ, տեսանկարահանեն դրանք և տրամադրեն իրենց:
«Ունենք տեղեկություններ, որ գյուղապետերին հանդիպել են մարզպետները, վերջիններս էլ հանդիպում են մարդկանց հետ, հորդորում, խնդրում են, որ գնան մասնակցեն հանրաքվեին: Այն քաղաքացիները, ովքեր կտեսանկարահանեն կեղծիքներ, ուղղորդված քվեարկություն, լցոնումներ, կպարգևատրվեն մեր դրամահավաքից հավաքված գումարներից»,- նշեց նա:
Սամսոնյանը նաև ասաց, որ համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը չի գնալու հանրաքվեի չեղարկմանը, անգամ եթե լինի կորանվիրուսի 60 դեպք:
Մանրամասները՝ տեսանյութում: