Ռոնալդուն օգնեց Ռեալին հաղթել Բարսելոնային եւ գլխավորել աղյուսակը
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց չեմպիոն «Բարսելոնային» եւ վստահ հաղթանակ տարավ 2։0 հաշվով:
Մադրիդցիների խաղին տրիբունայից հետեւում էր թիմի երկարամյա առաջատարը եւ ռմբարկուն՝ Կրիշտիանու Ռոնալդուն, որի ներկայությունը օգնեց դաշտի տերերին կարեւոր հաղթանակ տանել եւ գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Առաջին խաղակեսում երեք դրվագներում «Ռեալին» գոլից փրկեց բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան։ Երկրորդ խաղակեսում երկու անհավանական սեյվ կատարեց կատալոնական թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։
71-րդ րոպեին «Ռեալը» խփեց առաջին գոլը։ Գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսի բարձրակարգ փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ 20-ամյա Վինիսիուս Ժունիորը։
Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին աչքի ընկավ մեկ այլ երիտասարդ ֆուտբոլիստ՝ Մարիանո Դիասը, որը մեկ րոպե առաջ էր փոխարինել Ռեալում 500-րդ հանդիպումն անցկացրած ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմային։ Գոլային փոխանցումը կատարեց իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը։
Խաղի ընթացքում Ռեալն ունեցավ դարպասը գրավելու մի քանի լավ հնարավորություն, իսկ Բարսելոնան գոլային ընդամենը երկու պահ ունեցավ: