Վրաստանում կորոնավիրուսի պատճառով խուճապի մատնվելու պատճառներ չեն տեսնում
Այս թեմայով
- Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
- Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
- Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և Վրաստանի բժշկական գերատեսչությունների ներկայացուցիչները խուճապի մատնվելու առիթ չեն տեսնում երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի գրանցման պատճառով: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
«Առաջին հերթին, ցանկանում եմ շեշտել, որ մենք խուճապի մատնվելու կարիք չունենք: Առողջապահության նախարարությունը, համապատասխան գերատեսչություններն ու միջգերատեսչական խորհուրդն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը: Գլխավորն այն է, որ բոլորը հաշվի առնեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգադրությունները: Կարծում եմ, որ մենք խաղաղ ու հանգիստ կերպով կհաղթահարենք սա: Մեր գլխավոր անելիքն անձնական հիգիենային հետևելն է, որը, կարծում եմ, դժվար չէ»,-ասել է Վրաստանի վարչապետը կառավարության նիստի ժամանակ:
Երկրի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն էլ նիստի ժամանակ հայտարարել է, որ հանրապետությունում վիրուսի տարածման հավանականությունը շատ քիչ է:
«Վստահեցնում եմ Վրաստանի բնակչությանը, որ այս փուլում Վրաստանում վիրուսի լայն տարածման ռիսկ գոյություն չունի»,- ասել է նախարարը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 26-ին Վրաստանում արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Վերջին տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազարը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 2715-ի:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: