Ինչ կարելի է անել այդ կես միլիոն դոլարով
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»–ի շտաբի քարոզարշավի համար միջոցների հավաքագրման ժամանակ օրենսդրության ոչ մի խախտում չի եղել։ Այս համոզմանն է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար, «Այո»–ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը։
Չնայած հանրաքվեի մասին օրենքում շատ պարզ եւ հստակ գրված է, որ հանրաքվեի քարոզարշավի համար հատկացվող գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն դրամը, բայց եթե հանրաքվեն է անցկացվում օրենքի աղաղակող խախտումներով, էլ ուր մնաց, որ կառավարող ուժը հաշվի նստի հանրաքվեի մասին օրենքի դրույթների հետ:
Ափսոսն այդ 410 հազար դոլարն է, որը, բառիս բուն իմաստով, գցվելու է ջուրը: Իհարկե, ձեւը գտել են, ասում են, թե հանրաքվեի համար չենք հավաքել, այլ կուսակցության: Հետաքրքիր է ՔՊ-ում չեն հոգնե՞լ անդադար խափելուց, մարդկանց անդադար թյուրիմացության մեջ գցելուց: Ինչպես երեւում է, հաստատ չեն հոգնել:
Սուրեն Պապիկյանը եւ մյուս ՔՊ-ականները լռում են, երբ հարց է ուղղվում, թե ինչու են իրենց այդքան շատ փող տալիս, իսկ մի տաղանդավոր երեխայի մրցումների մասնակցության համար գումար որեւէ մեկը չի տալիս կամ ինչ-որ մեկի բուժման համար եւս գումար չեն կարողանում հավաքել:
Իսկ ինչ կարելի էր անել 410 հազար դոլարով.
1. Սահմանամերձ բնակավայրերում կառուցել 10-15 տուն երիտասարդ ընտանիքների համար
2. Գնել 17 նոր վերելակ
3. Գյուղերում կառուցել 200 ֆուտբոլի դաշտ
4. նորոգել կիսավեր 10-15 դպրոց
5. Վճարել տաղանդավոր, բայց կարիքավոր երեխաների ուսման վարձը
6. Կառուցել մոտ քսան լողավազան
7. Տնկել 100 հազար ծառ
8. Նորոգել ինը հարկանի բազմաբնակարան 100 շենք
9. հիմնել 3-4 նոր զբոսայգի
10. Կարգի բերել երեւանյան կիսաքանդ բազմաթիվ փողոցներ
Հիմա հարց. առանձին-առանձին վերցրած այս խնդիրների համար եթե դրամահավաք կազմակերպեր որեւէ այլ կազմակերպություն, քանի՞ դրամ կհավաքվեր: Սպասում ենք իմքայլական պատգամավորների եւ կառավարության անդամների պատասխաններին:
Հակոբ Ասատրյան
Top-News.am