«Աստված գիտեր, որ նրանք չեն կարող ապրել առանց իրար». Քոբի Բրայանթի այրիու հուզիչ ելույթն ամուսնու և դստեր հիշատակի արարողությանը (տեսանյութ)
Լոս Անջելեսի Staples Center բասկետբոլային արենայում երեկ՝ փետրվարի 24-ին, տեղի է ունեցել լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի հրաժեշտի արարողությունը, որին ներկա է եղել շուրջ 30 000 մարդ: Արարողության ժամանակ հուզիչ ելույթ է ունեցել բասկետբոլիստի այրին՝ Վանեսա Բրայանթը, գրում է Daily Mail-ը:
«Աստված գիտեր, որ նրանք այս մոլորակի վրա չեն կարող ապրել առանց մեկմեկու»,- ասել է Վանեսան, որը սոսկալի ավիաղետի հետևանքով կորցրել է ոչ միայն ամուսնուն, այլև դեռահաս դստերը:
Կնոջ խոսքով՝ իր 13-ամյա դուստրը՝ Ջիանան, «հիանալի ու փխրուն» էակ էր, որը լուսավորում էր իր հետ շփվող բոլոր մարդկանց հոգիները:
«Նա իր հոր աղջիկն էր, բայց ես գիտեմ, որ նա իր մորը նույնպես սիրում էր: Նա իմ լավագույն ընկերն էր: Քոբին միշտ ասում էր, որ նա ինձ է նման. իմ կրակը, բնավորության գծերն ու սարկազմն ունի, բայց միևնույն ժամանակ ներրքուստ լի է սիրով և քնքշանքով»,- իր դստեր մասին ասել է Վանեսան:
Վանեսան Քոբիին որակել է «լավագույն հայր», որն իր չորս դուստրերին միշտ սովորեցրել է լինել «համարձակ և շարունակել առաջ շարժվել, նույնիսկ ամենածանր պահերին»:
«Տասնյոթ տարեկան էի, երբ հանդիպեցի Քոբիին: Ես նրա առաջին ընկերուհին, սերը, կինը, լավագույն ընկերն ու պաշտպանն էի: Նա հիանալի ամուսին էր: Քոբիի՝ իմ հանդեպ տածած սերն անհնար է նկարագրել բառերով: Ես կրակ էի, նա՝ սառույց, երբեմն՝ հակառակը: Մենք լրացնում էինք միմյանց»,- ասել է նա:
Եզրափակելով իր խոսքը՝ Վանեսան ասել է. «Սիրելի՛ս, հոգ տար մեր Ջիջիի մասին: Իսկ ես հոգ կտանեմ Նանիի (Նատալիա), Բիբիի (Բիանկայի) և Կոկոյի (Կապրի) մասին: Մենք կշարունակենք լավագույն թիմը մնալ: Մենք սիրում ու կարոտում ենք ձեզ: Հանգչե՛ք խաղաղությամբ ու լավ ժամանակ անցկացրեք դրախտում, մինչև որ մի օր կրկին կհանդիպենք»:
Հրաժեշտի արարողության ժամանակ խոսքով հանդես են եկել նաև ամերիկացի հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելը, NBA-ի վեցակի չեմպիոն Մայքլ Ջորդանը, Շաքիլ Օ'Նիլը: Երգչուհիներ Բեյոնսեն և Քրիստինա Ագիլերան հանդես եկան երաժշտական ստեղծագործությամբ, որոնք ուղեկցվել են մեծ էկրանների վրա լեգենդար մարզիկի կարիերայի լավագույն պահերի ցուցադրությամբ:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Քոբի Բրայանթն ու նրա 13-ամյա դուստրը, որը մտադիր էր գնալ հոր հետքերով և հետաքրքրվում էր բասկետբոլով: Նրանցից բացի, ուղղաթիռում ևս 7 մարդ է գտնվել, ոչ ոք չի փրկվել:
Ուղղաթիռը վարել է հայազգի օդաչու Արա Զոբայանը, որն ամեն ինչ արել է վթարի հետևանքով նվազագույն զոհեր տալու համար: Ավելի ուշ հետաքննությունը պարզել էր, որ նրան ընդամենը մի քանի վայրկյան էր պակասել վթարից խուսափելու համար: